Իտալիայի ափերին «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի խորտակումը բոլորին «Տիտանիկի» ողբերգությունն է հիշեցնում: Այս իրադարձության վրա է սեւեռված համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը:  Բրիտանական The Daily Mail-ը հրապարակել է իտալացի ջրասուզորդների կողմից արված նկարներ: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնման աշխատանքները: 

Միաժամանակ համացանցում հայտնվել են տեսագրություններ, որոնք արվել են նավի ուղեւորների կողմից, երբ արդեն հասկանալի էր, որ աղետ է տեղի ունեցել, եւ սկսել են զանգվածային տարհանման նախաապատրաստվել: Ըստ այդ կադրերի` չի կարելի ասել, թե մեծ խուճապ է եղել, սակայն լսելի են սարսափահար մարդկանց ճիչերը մթության մեջ, որոնք դեռ չգիտեն, թե ինչ է իրենց սպառնում: Դա ահավոր է, գրում է news.ru.com-ը:

Այժմ աջ կողմի վրա շուռ եկած նավը գտնվում է Իտալիայի Տոսկանա մարզի Ջիլիո կղզու մոտակայքում:

Անհետ կորածներին գտնելու նպատակով փրկարարներն արդեն ուսումնասիրել են նավի այն մասը, որը ջրից դուրս է գտնվում: Այժմ արդեն որոնումները կատարվում են նավի միջանցքներում եւ  ջրի տակ անցած հատվածում: Այն նկարները, որոնցում երեւում է, թե ինչպես են փրկարարները ճանապարհ հարթում բազմաթիվ բեկորների, լողացող կահույքի եւ նավաբեկության տարբեր հետքերի միջով, հիշեցնում են կադրեր ֆիլմ-աղետից:

Ահավոր է նկարներում արտացոլված մեծ ճեղքվածքը, որն առաջացել է ժայռին բախումից: Այն կարծես ահագին մեծ քարի կտոր լինի, որը նավը պատռել է, ինչպես թուղթ, եւ այժմ էլ դուրս է ցցված նրա միջից: