Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում, այսօր` հունվարի 17-ին, Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճից հետո որոշումից դժգոհ Հրանտի հազարավոր համակիրները բողոքի հզոր երթ են իրականացրել։

Երթի մասնակիցները վանկարկել են «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Մարդասպան պետություն, հաշիվ ենք պահանջելու», «Ֆաշիզմի դեմ ուս-ուսի», «Այս դատն այսպես չի վերջանալու»  եւ այլ կարգախոսներ։ Երթի առջեւից քայլել են Դինքի այրին՝ Ռաքել Դինքը եւ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը։

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց, սակայն դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝  Mc Donald’s-ի պայթյունի համար։

Հիշեցնենք, որ թուրքական  դատարանը Դինքի սպանությունն իրականացնող Օգյուն Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:  Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝  նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։