Դերասան եւ շոումեն Նիկիտա Ջիգուրդան հաղորդման նկարահանման ժամանակ հարձակվել է Ուղղափառ փորձագետների միության ղեկավար Կիրիլ Ֆրոլովի վրա: Ֆրոլովը պնդում է, որ դերասանը հարձակվել է իր վրա սպառնալիքներով ու բռունցքներով եւ հարվածել ծնոտին: Միջադեպը տեղի է ունեցել «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման նկարահանման ժամանակ:
Հաղորդումը նվիրված է եղել պոռնոգրաֆիային: Հարցազրույցի ընթացքում Ֆրոլովը բարոյականության եւ քաղաքացիական հեղափոխության փոխհարաբերության մասին է ելույթ ունեցել: Նա հիշեցրել է անցյալ դարի 20-ականների բոլշեւիկյան շարժման մասին եւ զուգահեռ բերել պատգամավորական ընտրություններից հետո Մոսկվայում տեղի ունեցող ներկայիս բողոքի ցույցերը:
Ջիգուրդան հանդես է եկել որպես Ֆրոլովի ընդդիմադիր: Նկարահանումներին մասնակցել է նաեւ արքեպիսկոպոս Վսեվոլոդ Չապլինը, որի հետ եւս Ջիգուրդան երկխոսության մեջ է մտել: Ըստ նրա` դերասանն իրեն անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել քահանայի հասցեին: «Բնականաբար ես քահանայի պաշտպանությամբ հանդես եկա, այսինքն` ուղղափառ արժեքների, իրական գեղեցկության, այլ ոչ թե կնոջ գեղեցկության անպատկառ իդեալի: Արդյունքում Ջիգուրդան հարձակվեց ինձ վրա», - պատմել է Կիրիլ Ֆրոլովը: Ըստ նրա` շոումենը պատրաստ էր անգամ նրա գլուխը ջարդել իր մետաղյա մատանիներով, հաղորդում է vesti.ru-ն:
Այժմ Ֆրոլովը մտադիր է Ջիգուրդային դատի տալ:
Ջիգուրդան իր հերթին հայտարարել է, որ ոչ ոքի չի ծեծել: «Ես չեմ ծեծել: Նա ինքն է սայթաքել եւ ընկել: Ես պարզապես նրան ասացի` գնանք դուրս եւ ամեն ինչ պարզենք», - ասել է նա:
Ըստ նրա` հակասությունն առաջացել է նրանից, որ ուղղափառ փորձագետները հարձակվել են Ելենա Կանդուլայնեի, Լենա Լենինայի, Անաստասիա Վոլոչկովայի վրա այն բանի համար, որ նրանք մերկ լուսանկարվել են:
Ջիգուրդան հայտնի է նրանով, որ բազմիցս համացանց է տեղադրել իր մասնակցությամբ շատ տեսագրություններ: Հենց միայն բավական է այն տեսագրությունը, որտեղ նրա կնոջ` Մարինա Անիսինայի ծննդաբերությունն է ցուցադրվում:











