Ուրբաթ օրը Լոս Անջելեսում 74 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկյան հանրահայտ R&B ոճի երգրուհի Էթթա Ջեյմսը:

Ջեյմսը տառապում էր թուլամտությամբ, շաքարախտով, երիկամային հիվանդությամբ եւ սպիտակարյունությամբ: 2011 թվականի վերջին նրան տեղափոխել էին հիվանդանոց, քանի որ նա ինքնուրույն չէր կարողանում շնչել:  Նրա անձնական բժիշկը հայտարարել էր, որ նրա մոտ արյան քաղցկեղի վերջին փուլն է: Երգչուհին մահացել է տանը` ամուսնու եւ երեխաների շրջապատում: Հունվարի 25-ին նա կդառնար 75 տարեկան, հաղորդում է Reuters-ը:

Ջեյմսեթթա Հոուքինսը (Jamesetta Hawkins) ծնվել է Լոս Անջելեսում, երբ նրա մայրն ընդամենը 14 տարեկան է եղել: Նրա հայրը հավանաբար սպիտակամորթ է եղել: Ինքը` Ջեյմսը կարծում էր, որ նա եղել է բիլիարդի հայտնի խաղացող Ռուդոլֆ Ուանդերոնը: Նրան հաջողվել է տեսնվել այդ մարդու հետ, երբ ինքն արդեն հանրահայտ էր, եւ հարցնել հայրության մասին, բայց վերջինս չի կարողացել ոչ հաստատել, ոչ էլ հերքել Ջեյմսի ենթադրությունը: 

Ջեյմսն սկսել է երգել մանկական տարիքից` եկեղեցական երգչախմբում: 14 տարեկանում նա մի քանի ընկերուհիների հետ ելույթ է ունեցել վոկալ անսամբլում, որտեղ նրան նկատել է երաժիշտ Ջոննի Օթիսը: Համարվում է, որ Օթիսի շնորհիվ է նա պայմանագիր ստորագրել եւ հռչակ ձեռք բերել: 1960 թվականին լույս է տեսել նրա առաջին` «At Last!» ալբոմը, որի համանուն ստեղծագործությունը շուտով հիթ է դառնում:

1970-ականներին Ջեյմսի հակումը հերոինի նկատմամբ մեծապես ազդեց նրա կարիերայի վրա: Նա նույնիսկ բանտային պատժի է ենթարկվել:  Երբ Ջեյմսը հաղթահարեց թմրադեղերից իր կախվածությունը, նրա մասին համարյա թե մոռացել էին: Միայն այն բանից հետո, երբ նա 1984 թվականին Լոս Անջելեսում տեղի ունեցող Օլիմպիադայի ժամանակ կատարեց ԱՄՆ-ի հիմնը,  հաջողությունը կրկին վերադարձավ, հիշեցնում է Associated Press գործակալությունը:

Իր կարիերայի ընթացքում Ջեյմսն ստացել է 3 «Գրեմմի» մրցանակ «R&B-երգչուհի» անվանակարգում: Նրա վերջին`  «The Dreamer» ալբոմը, թողարկվել է 2011 թվականին: