Մեր երկրում այլևս գործում է արբիտրաժային ինստիտուտը, հաշտարարության ինստիտուտը և այո, կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրելու, որ այս ինստիտուտները հաջողեն, որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներ։ Եվ պատճառը դրա այն է, որ մենք ցանկանում ենք ունենալ լավ միջավայր և կանխատեսելի լուծում վեճերի, որպեսզի շահագրգռենք այն բոլոր մարդկանց, որոնք ներդրում են անելու կամ անում Հայաստանի Հանրապետությունում, գալ և անել ի վերջո այդ ներդրումները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կազմակերպած Երրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային շաբաթի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Ունենք մեկ այլ նպատակ ևս՝ բեռնաթափել այն դատական ծանրաբեռնվածությունը տարբեր ատյաններում և դատարաններում, որը այս պահին գոյություն ունի»,–ասաց նա։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հարցով միջազգային արբիտրաժի որոշումը կատարել–չկատարելու մասին, Գալյանն ասաց. «Եթե մենք խոսում ենք միջազգային արբիտրաժի և դրա կողմից կայացված վեճերը կատարել կամ չկատարելու մասին, պետք է նշեմ հետևյալը. Կա Նյու Յորքի կոնվենցիա, որին մասնակցում ենք մենք, և Նյու Յորքի կոնվենցիան սահմանում է այն դեպքը, երբ պետությունը չի կատարում արբիտրաժի որոշումը կամովի, և այդ դեպքում այն պետք է կամ կարող է կատարվել հարկադրաբար: Հարկադրաբար կատարման մեխանիզմը, ես նախկինում էլ եմ նշել, դա դատարանի որոշման հիման վրա համապատասխան արբիտրաժային որոշման կատարումն է:

Մենք այս պահին ունենք հետևյալ իրականությունը. Միջազգային արբիտրաժը կայացրել է որոշում, ըստ էության, հայցի ապահովում կիրառելու մասին, որն այս պահին չի կատարվում կառավարության կողմից կամավոր տարբերակով և կա մեխանիզմ, որպեսզի դա կատարվի հարկադրաբար։ Եվ կա մեխանիզմ դա չկատարելու, եթե դատարանները կորոշեն, որ այդ որոշումը հակասում է հանրային կարգին։ Ես ասում եմ կարգավորումներ, որոնք տեղ են, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում և մեր ներպետական իրավական ակտերում։

Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է Հայաստանի կողմից: Այսինքն, ՀՀ-ն գործել է օրենքի շրջանակներում, իսկ արբիտրաժային որոշմամբ սահմանվում է, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը: Կներեք, սա մեր պետությունն է, և մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական է: Իրավական պետությունը պետք է հետևի իրավական կարգավորումներին, որոնք կան, գործող են և սահամանադրական են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել և արբիտրաժային որոշումը հակասում է հենց դրան»,- ընդգծեց նախարարը:

Նա չհամաձայնեց, որ դիտարկմանը, որ Լիպարիտ Դրմեյանը այլ դիրքորոշում է հայտնել. «Լիպարիտ Դրմեյանը այլ դիրքորոշում չի հայտնել, նա նկարագրել է այն ընթացակարգը, որով անցնում են սովորաբար արբիտրաժային որոշումները և նաև իր խոսքում նշել է այն ընթացակարգը, երբ պետությունը հրաժարվում է կատարել այս կամ այն արբիտրաժային որոշումը»։

«Մենք չենք կարող չկիրառել այն օրենքը, որը այսօր գործում է և Հայաստանի Հանրապետությունը անում է դա, կիրառել է օրենքը, որը գործում է և չի ճանաչվել հակասահմանադրական։ Ո՞նց հաղթահարենք այն օրենսդրական արգելքը, որը կա։

Մենք կիրառել ենք մեր օրենքը, որը գործում է, որևէ պատճառ, առիթ չունենք և չենք կարող իրավական տեսանկյունից ունենալ, որպեսզի չգործենք օրենքի շրջանակներում։ Միջազգային արբիտրաժը, ըստ էության, փորձել է պարտադրել չկիրառել այն օրենքը, որը գործում է, ինչը մենք չենք կարող անել, որովհետև դա հակասում է դա հանրային կարգին։

Հարկադրաբար կատարելը պետք է տեղի ունենա կրկին ներպետական մարմինների կողմից, որովհետև որևէ վերպետական մարմին կամ միջազգային ատյան չի կարող պարտադրել պետությանը կատարել որևէ բան, այն էլ այնպիսի բան, որը պոտենցիալ ունի հակասելու տվյալ երկրի հանրային կարգին։

Այն կարգավորումները, որոնք միջազգային տիրույթում կան, հենց նրա մասին են, որ պետություններին ապահովագրեն նմանատիպ երևույթներից։ Այսինքն ասում են այո, պետություն, սովորական պայմաններում դու պետք է կատարես համապատասխան որոշումները արբիտրաժային, բայց մենք ձեզ համար նախատեսում ենք նաև հնարավորություն չկատարելու, եթե դու քո ներպետական մակարդակում կորոշես, որ այդ որոշումը հակասում է քո ներքին հանրային իրավական կարգին»,–ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ ըստ գործրար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի՝ 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Հիշեցնենք նաև, որ գործարարը այս պահին կալանավորված է: