Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել Սենատի շենքի առջեւ: Նրանք իրենց աջակցությունն էին հայտնում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնեց Ֆրանսիայի Ռոն-Ալպեր տարածքային պատգամավոր Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքով՝ ակցիային մասնակցում էին թե՛ Ֆրանսիայի հայ համայնքի անդամներ, եւ թե Ֆրանսիայի այլազգի քաղաքցիներ: «Նույն տարածքում, միայն թե շենքի հակառակ կողմից բողոքի ակցիա էին կազմակերպել թուրքերը, բայց նրանք, շատ քիչ քանակությամբ մարդկանց էին կարողացել համախբել»,- ասաց նա:
Ըստ Չոբոյանի՝ օրենքի նախագծի ընդունումը մեծ ոգեւորությամբ ընդունվեց համայնքի կողմից, եւ մինչեւ այժմ հատկապես երիտասարդները տոնում են այդ պատմական օրենքի ընդունումը Սենատի մոտ:
Անդչադառնալով՝ օրենքի ընդունման կարեւորությանը, հայազգի պատգամավորը նշեց, որ դա ամբողջ աշխարհում ապրող հայերի հաղթանակն է: «Ես կարծում եմ, որ բոլոր այն եվրոպական երկրները, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, պետք է հետեւեն Ֆրանսիայի օրինակին, եւ քրեականացնեն դրա ժխտումը»,- ընդգծեց Չոբոյանը՝ ավելացնելով, որ այս օրենքի ընդունումը դրականորեն կազդի Թուրքիայում խոսքի ազատության իրավիճակի վրա: «Ես վստահ եմ, որ արդեն մի քանի տարի հետո Թուրքիայում մարդիկ կարող են ավելի ազատորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին, քան այժմ: Այն տաբուն, որ այժմ առկա է Թուրքիայում այս թեմայի նկատմամբ, թուլանում է»,- նշեց նա:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը Ֆրանսիայի Սենատը մոտ ութ ժամ տեւած ծանր քննարկումներից հետո 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը:
Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր:











