«Ես չեմ պնդում, Հակակոռուպցիոն կոմիտեն է պնդում, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է»։ Այսպես ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին այն մասին, թե ինչպես է պնդում, որ Գյումրու քաղաքապետը կաշառք է վերցրել, եթե դեռևս դատական վճիռ չկա։

Վարդան Ղուկասյանի անմեղության կանխավարկածը խախտելու մասին հարցերին ի պատասխան Ռուբինյանը լրագրողներին մեղադրեց «կաշառակերությունը պաշտպանելու» մեջ։

«Ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ և խելագար։ Ես լսել եմ Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է»,–հավելեց Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբինյանն ընդգծեց, որ շատ լավ է գնահատում Հակակոռուպցիոն կոմիտեի նախօրեին կատարած աշխատանքը։

«Գյումրու քաղաքապետի ձերբակալությունն իրոք ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չէ և պատժվելու է: Սա ուղերձ է ոչ միայն ՏԻՄ-երին, սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում»,- ասաց նա: