Ոչ միայն ՔՊ-ի անդամները, այլև ՀՀ ցանկացած քաղաքացի, լսելով Վարդան Ղուկասյանի անունը, չի կարող չհիշել, թե ինչ քրեական գործերով է անցնում այդ մարդը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։
«Իսկ երեկվա դեպքը նոր դրվագ էր, որ հայտնվեց իրավապահ համակարգի աշխատանքի շնորհիվ և տեղի ունեցավ այն, ինչ ունեցավ։ Որևէ նորություն կամ հայտնագործություն Վարդանիկի հետ կապված տեղի չի ունեցել։
Եթե այս պահին վճիռ չունենք, դա չի նշանակում, որ գոնե խոսակցությունների մակարդակով, գոնե մարդկանց գիտակցականում չկա այդ ինֆորմացիան»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ երեկ բազմաթիվ գյումրեցիներ դուրս էին եկել փողոց և պահանջում էին դադարեցնել Վարդան Ղուկասյանի հետապնդումը, Պալյանն ասաց․ «Երեկ բազմաթիվ գյումրեցիներ, մանկահասակ երեխաների ծնողներ, երթուղայինի վարորդները զանգահարում էին մեզ և ասում, որ մեզ ստիպել են, որ մենք դադարեցնենք մեր աշխատանքը։ Ծնողներն ասել են, որ զանգել են մանկապարտեզներից, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից, տեղեկացրել են, որ եկեք ձեր երեխաներին տարեք, որովհետեւ մենք պետք է գնանք և մասնակցենք Վարդանիկի պաշտպանությանը նվիրված հավաքին։ Այդտեղ ինքնաբուխ բան տեղի չի ունեցել, իսկ եթե տեղի է ունեցել, ապա դա այնքան սակավաթիվ մարդկանցով է եղել, որ պետք չէ ուշադրություն դարձնել։
Վարդան Ղուկասյանը Գյումրիում չունի մեծաքանակ աջակիցներ, ես դա վստահեցնում եմ։ Իսկ այն մարդիկ, որ ընտրել են իրեն ընտրությունների ժամանակ, տեսնելով իր կատարած աշխատանքը, վստահ եմ՝ դրանց մի մասն էլ չի մնացել իր կողքը։ Այսինքն ստիպողաբար կամ սպառնալիքներով մարդկանց հանել դուրս և ասել, թե Վարդան Ղուկասյանը աջակիցներ ունի Գյումրիում, դա իրականությանը չի համապատասխանում»։
Պալյանը համոզմունք հայտնեց, որ իրավապահները երեկ Գյումրիում գործել են իրավիճակին համապատասխան․ «Միգուցե իրոք կարիքը կար, որ այդքան ոստիկաններ էին եկել Գյումրի, միգուցե տեսնելով, թե ինչ վարք են դրսևորում այդ հրապարակում հավաքված մարդիկ, պետք էր այդպիսի գործողություններ իրականացնել՝ ապահովելու համար մեր
Ատ սիրելի մյուս գյումրեցիների անվտանգությունը»։











