Արևելյան Ցզյանսի նահանգի հնագույն քաղաքի՝ Ցզինդեչժենի սրտում է գտնվում Տաոյանգլին՝ պատմական թաղամաս, որը հայտնի է որպես «Չինաստանի կավե մայրաքաղաքի» հոգի։


Այստեղ, ընդամենը մեկ քառակուսի կիլոմետրից մի փոքր ավելի տարածքի վրա, պահպանվել են տասնյակ հնագույն նրբանցքներ, Մին և Ցին դինաստիաների հին վառարաններ, վարպետների տներ և առևտրային կրպակներ, որտեղ ժամանակին ծնվում և վաճառվում էին աշխարհը գրաված ճենապակե հրաշքները։


Տաոյանլին բացօթյա թանգարան չէ, այլ արհեստի կենդանի սիրտը։ Նեղ, սալիկապատ փողոցներով մինչև հիմա տարածվում է կավի և փայտի ծխի բույրը։ Հնագույն աղյուսե պատերը հիշում են հինավուրց վառարանների շոգը, իսկ փոքրիկ արվեստանոցներում վարպետները պտտում են բրուտի անիվները՝ նույն այն անիվները, որոնք այստեղ պտտվել են դեռ հարյուրավոր տարիներ առաջ։



Սպիտակ հոնքերով ծերունին մատներով զգուշորեն բարակ գծեր է գծում բաժակի վրա, իսկ կողքին նրա թոռը օգնում է պատրաստի արտադրանքը դուրս բերել արևի տակ։ Այս պահին անցյալն ու ներկան կարծես միահյուսվում են՝ վերածվելով ձեռքերի միասնական շարժման։



2016 թվականից ի վեր Տաոյանլին զգույշ վերածնունդ է ապրում։ Պետական վերականգնողները և բրուտագործական դինաստիաների հետնորդները վերականգնում են հնագույն վառարանները, ամրացնում են հին տները՝ դրանք վերածելով արվեստանոցների, պատկերասրահների և փոքրիկ թանգարանների։ Այժմ զբոսաշրջիկները կարող են ոչ միայն տեսնել հազվագյուտ ճենապակու ցուցադրությունները՝ բարակ, ինչպես ձվի կճեպը, երկնագույն կոբալտի նախշերով, այլև իրենք կարող են փորձել կավագործություն անել կամ ներկել կերամիկան՝ վարպետների ղեկավարությամբ։



Թաղամասի կենտրոնում է գտնվում Կայսերական Ջեռոցների թանգարանը, որտեղ հավաքված են հնագույն կիլների (թրծման վառարաններ) տեղում հայտնաբերված արտեֆակտներ՝ հենց այնտեղ, որտեղ սպասք էր ստեղծվում կայսերական արքունիքի համար։ Իսկ հարևան, բաղեղով պատված տանը գործում է սրճարան, որտեղ ըմպելիքները մատուցվում են այն նույն բաժակներով, որոնք պատրաստվել են հենց այստեղ՝ հարևան պատի հետևում։


Տաոյանլին հատկապես գեղեցիկ է երեկոյան։ Երբ արևը սահում է կղմինդրե տանիքների վրայով և ոսկով բոցավառում կավը, օդը լցվում է մեղմ լույսով և թվում է, թե քաղաքը շնչում է վառարանների կրակի հետ միասին։


Այստեղ ճենապակին ծնվում է ոչ թե գործարանում, այլ լռության մեջ, վարպետի շնչառության և բոցի ճտճտոցի միջև։ Յուրաքանչյուր թրծում ճակատագիր է, յուրաքանչյուր ճաք՝ հիշողություն, յուրաքանչյուր բաժակ՝ Ցզինգդեչժենի երկնքի արտացոլանքը։


Այսօր Տաոյանլին մի վայր է, ուր գալիս են նկարիչներ, արհեստավորներ և ճանապարհորդներ աշխարհի տարբեր ծայրերից։ Ոմանք ոգեշնչում են փնտրում, ոմանք՝ հազվագյուտ ձեռագործ ճենապակի, իսկ ոմանք էլ պարզապես ցանկանում են զգալ, թե ինչպես է հնագույն կավը դեռևս պահպանում մարդկային ձեռքերի ջերմությունը։


Տաոյանլին պարզապես թաղամաս չէ։ Դա ժամանակի շունչն է, որը վերածվել է ճենապակու։

Խորեն Գրիգորյան Չինաստանից











