Հայաստանի իշխանությունները հրավիրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսին, Երևանում։

«Մենք հրավերներ ենք ներկայացրել, փաստաթղթային դեռ չենք ուղարկել, բայց բանավոր հրավիրել ենք ամենաբարձր մակարդակով մասնակցելու»,–ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հարցին՝ ի՞նչ տրամադրություններ կան, նրանք կգա՞ն, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Այս ամեն ինչը շատ թարմ է և դեռ առիթ էլ չի եղել այս մասին դետալները քննարկել։ 

Եղել է հակամարտություն, հեղվել է արյուն, մեր սերունդը մեծացել է մի նարատիվի պայմաններում, որտեղ այդ մարդիկ ընկալվել են թշնամի. խաղաղություն հաստատվում է թշնամանք ունեցողների միջև: Մենք արդեն նշանակալի քայլեր ենք արել այդ ուղղությամբ: Մենք հիմա՝ երկու երկրների ղեկավարները, միանշանակ ասում ենք՝ խաղաղություն է հաստատված: Մենք խաղաղություն ունենք, և նպատակը ֆիքսված է՝ բարիդրացիական քայլեր անել:

Մի օր, ոչ թե ասում եմ որ հենց այսօր, մենք պատրաստ ենք տեսնել նախագահ Ալիևին Երևանում, և հակառակը՝ վարչապետ Փաշինյանին՝ Բաքվում, այլ ասում եմ՝ մի օր այս իրավիճակը լինելու է: Ինչ կարող ենք այսօր ասել, այն է, որ պետք է գնանք այս ճանապարհով»,- նշեց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026 թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։