Աղստեւը, որը Հայաստանի խոշորագույն գետերից է եւ համարվում է Տավուշի մարզի ջրային զարկերակը, այսօր Իջեւան քաղաքի եւ տարածաշրջանի մի շարք համայնքների համար ծառայում է որպես աղբավայր, որի մեջ  է թափվում ինչպես կենցաղային, շինարարական, այնպես էլ օրգանական ու ու քիմիական թափոններ:

Հարակից շենքերի բնակիչները աղբը գետն են նետում հենց պատուհաններից, գետաբերանին կառուցված հասարակական սննդի օբյեկտների եւ շուկաների աշխատակիցները սննդի մնացորդները, մորթած անասունների ներքին օրգաններն ու արտաթորանքը լցնում են գետը, հույսները դնելով հեղեղումների վրա, մտածելով, որ գետի վարարումների ժամանակ ջուրը այդ ամենը կքշի կտանի դեպի հարեւան Ադրբեջան:

Բացի աղբից, գետն  աղտոտում են նաեւ նշված օբյեկտների կոյուղաջրերը, որոնք առանց որեւէ մաքրման միանգամից միացված են գետին: Նշենք, որ Դիլիջան եւ Իջեւան քաղաքներն ու հարակից գյուղերը չունեն կեղտաջրերի մաքրման կայաններ: Գետի աղտոտվածությունը մեծ վնաս է հասցնում նաեւ ձկնատեսակներին, ինչպես նաեւ գետի ջրով ոռոգվող հողամասերին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Իջեւանի կենտրոնական մասի բնակիչները իրենց նման քայլը նախ պատճառաբանեցին աղբամանների քիչ քանակությամբ, մի մասն էլ չկարողացավ արդարացում գտնել. «Էնա գետը քշում ա էլի…էսա գարնան հեղեղները կսկսեն, էլի կմաքրվի, ինչ եք իրար խառնվել»: Իսկ սննդի օբյեկտների տերերը պարզապես խուսափեցին մեր հարցերին պատասխանելուց:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզի Իջեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ, կոմունալ ծառայությունները համակարգող բաժնի տնօրեն Սամվել Չիբուխչյանը տեղեկացրեց, որ քաղաքում աղբամանների պակաս չկա: «Մենք աղբամանների պռոբլեմ չունենք, շենքերի բակերի մի մասում կա, մյուս մասում էլ չենք դնում, քանի որ բնակիչները բողոքում են, որ հոտ ա գալիս»,-ասաց Սամվել Չիբուխչյանը, հավելելով, որ ամեն օր աշխատում է նաեւ շրջիկ աղբատար մեքենան:

NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք երբեւէ որեւէ մեկը ենթարկվե՞լ է վարչական պաասխանատվության աղբը գետ նետելու համար, պատասխանեց, որ տուգանվողներ եղել են տարիներ առաջ, իսկ վերջին երկու տարում որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Էդվարդ Արզումանյան


Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի