Թուրքիան շատ կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում. ԱՄՆ-ը դեմ չէ դրան և Թուրքիային կարևոր դաշնակից է համարում տարածաշրջանում։ Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է ամերիկացի քաղաքագետ և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Գրեհեմը։
Ըստ նրա՝ Հարավային Կովկասի հարցը շատ ավելի բարդ է, քան, օրինակ, Կենտրոնական Ասիայի հարցը, քանի որ ԱՄՆ-ն ունի իր սեփական անմիջական շահերը Հարավային Կովկասում և, հետևաբար, մտադիր է այնտեղ ակտիվ դեր խաղալ։
«Չեմ կարծում, թե ԱՄՆ-ն այս հարցում ամբողջությամբ կհենվի Թուրքիայի վրա, սակայն սերտ քննարկումներն անպայման կշարունակվեն, համենայն դեպս Թրամփի օրոք», - ընդգծել է նա։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը դեմ չէ նաև Կենտրոնական Ասիայում Թուրքիայի ակտիվ դերին։
«Ռուսաստանն ու Չինաստանը՝ Միացյալ Նահանգների մրցակիցները, այժմ այնտեղ կարևոր դեր են խաղում։ Հետևաբար, Թուրքիայի գործունեությունն այս տարածաշրջանում մեծապես համընկնում է ԱՄՆ շահերի հետ։ Կենտրոնական Ասիան ունի բարձր տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ հսկայական հանքային պաշարներ, ուստի տարածաշրջանի նկատմամբ բոլոր խոշոր տերությունների շահագրգռությունը մեծանում է։ Հետևաբար, այս տարածաշրջանում կարելի է կանխատեսել աշխարհաքաղաքական մրցակցության սրացում»,- եզրափակել է նա։











