Ակնհայտ է, որ Վաղարշապատում իշխանությունը հաղթեց օգտագործելով վարչական ռեսուրսները. Դա իշխանության այն պոտենցիալն է, որի արդյունքում ինքը կարողանում է հավաքել X + ձայներ, ակնհայտ է, որ Վաղարշապատում էլ դա տեղի ունեցավ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ հավելելով, որ դրանք տեղական ընտրություններ էին, որոնց ինչ-որ դարակազմիկ տեսք տալը իմաստ չունի։
«Իրականության մեջ, տեղական ինքնակառավարման ընտրություններում լրիվ ուրիշ մեթոդով են մարդիկ ընտրում։ Հիմա գնացեք այդ ընտրողներին հարցրեք, իրենք ընդհանրապես, Փաշինյանի ասած «ապոկալիպսիս» բառը լսե՞լ են։ Հավատացեք, որ 99.9% բացարձակ ոչ լսել են, ոչ էլ այսպես ասած, հավանաբար իրենց կյանքի ընթացքում կլսեն։ Հիմնականում նման ընտրություններին ընտրվում են վարչական ռեսուրսով կամ «անուշ ախպերների անուշ ախպերը լինելու», բարեկամը, խնամին լինելու գործոնով պայմանավորված, թե ով ավելի մեծ գերդաստան ու ցեղ ունի։
Իշխանությունները քաղաքին միացրեցին Խոյ համայնքը, իսկ իրենց թեկնածուն այդ համայնքից էր, կարողացավ հավաքել առավել ձայներ։ Եթե Խոյի համայնքը չմիացնեին, պարզ է, որ առանց Խոյ համայնքի, անգամ վարչական ռեսուրսը կարող է այդ արդյունքը չտար։ Ուղղակի, եթե Խոյ համայնքի ռեսուրսը չլիներ, ստիպված իրենք պետք է վարչական ռեսուրսը եռապատկեին, որպեսզի գոնե ինչ-որ թիվ ապահովեն»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վաղարշապատի հաղթանակով ժողովուրդը իրեն կանաչ լույս է տվել, որ կարողանա կաթողիկոսի դեմ հետագա գործընթացները առաջ մղել, Կիվիրյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը միշտ կարողանում է ցանկացած իրավիճակ համապատասխանեցնել իր ցանկությանը։ Իշխանության թեկնածուին ընտրել է 15000 մարդ. Ի՞նչ է, 15000 ձա՞յն է որոշում Հայ առաքելական եկեղեցու ճակատագիրը։ Աշխարհասփյուռ հայությունը 9–10 միլիոն է, այդքանի մեջ 15 000 ձա՞յն է դա որոշում։ Իհարկե, ոչ։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանին պետք լինի, ինքը կներկայացնի, որ Ախուրյանցի Անոն դաբրո տվել, որ ինքը գրոհի Էջմիածնի դարպասները։ Դա Նիկոլ Փաշինյանի ոճն է»,–ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Վեհարանը կաթողիկոսից ազատելու Փաշինյանի խոստացած գործընթացին, Կիվիրյանն ասաց. «Փաշինյանը իրավապահ մարմիններով, ԱԱԾ-ով փորձում է որսալ այն հարմար պահը, որի պարագայում ինքը կփորձի ինչ-որ արդյունք ապահովել։ Այսինքն ոչ թե դա պայմանավորված է կիրակնօրյա հավաքներով, այլ ինքը սպասում է ԱԱԾ-ից, իրավապահ մարմինների համապատասխան կառույցներից տեղեկատվություն, իսկ այդ ընթացքում իրենք բոլոր միջոցներով ճնշումը ուժեղացնում են և Գարեգին երկրորդի, և իր շրջապատի ընտանիքի անդամների, մնացած հոգևորականների վրա։ Այսինքն հենց որ իրենք որսան հարմար պահը, այդ ժամանակ էլ տեղի կունենա, այսպես ասենք, Էջմիածնի ճակատամարտը»։











