Ուղղակի չուզեցի առաջադրվել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հավելելով, որ այդ հարցով վարչապետի հետ քննարկում ունեցել է։

«Բնականաբար պետք է տեղյակ պահեի և տեղյակ եմ պահել, շատ նորմալ արձագանքեց։ Որևէ պատճառ չկա, ուղղակի մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվելուց։ Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական, կարծում եմ կմասնակցեմ կուսակցության նիստերին, ոչ այդքան ակտիվ»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ վերադառնա իր նախկին մասնագիտությանը և իրեն տեսնենք հեռուստաէկրանին, նա պատասխանեց. «Չեմ կարծում»։

Նա նաև հերքեց, թե որոշել է բիզնեսով զբաղվել. «Ես հին բիզնես չունեմ որ մի հատ էլ նոր բիզնես դնեմ։ Չեմ կարծում, չեմ մտածել դեռ այդ ուղղությամբ։ Չգիտեմ դեռ ինչով կզբաղվեմ, դեռ չեմ որոշել։ Այս պահի դրությամբ երբեք չի եղել որևէ քննարկում, որ ես որևէ տեղ դեսպան նշանակվեմ։ Այդպիսի բան առաջին անգամ եմ լսում ձեզանից։ Ընդհանրապես, իմ հետագա աշխատանքի հետ կապված քննարկում չի եղել»։

Հրաչյա Հակոբյանը հավաստիացրեց, որ 2026–ին մասնակցելու է նախընտրական քարոզարշավին. «Ես կուսակցության անդամ եմ և մասնակցելու եմ թե քարոզարշավներին, թե կուսակցության ժողովներին։ 

Ես չպետք է գնահատեմ իմ աշխատանքը որպես պատգամավոր արդյունավետ էր, թե ոչ, հանրությունը պետք է գնահատի։ Ես ուղղակի որովհետև որոշեցի մի փոքր գոնե առաջիկա հինգ տարին, 2026-2031 թվական ակտիվ քաղաքականությունով չզբաղվեմ»։

Նշենք, որ ՔՊ նախընտրական ցուցակում չեն լինի նաև Հակոբ Արշակյանը, Քրիստինե Պողոսյանը, Խաչատուր Սուքիասյանը։