Վուսթերի պոլիտեխնիկական ինստիտուտի (WPI) գիտնականները ներկայացրել են նոր շինանյութ, որը կարող է փոխել մոտեցումը էկոլոգիական շինարարության հանդեպ, գրել է Interesting Engineering-ը։

Այն կոչվում է Enzymatic Structural Material (ESM)՝ «ֆերմենտային կառուցվածքային նյութ», եւ աչքի է ընկնում նրանով, որ կլանում է ածխաթթու գազը՝ դրա քանակը մթնոլորտում ավելացնելու փոխարեն, ինչպես դա անում է ավանդական շաղախը։

Մշակումը հիմնված է  կարբոանհիդրազա անվամբ ֆերմենտի վրա։ Այդ ֆերմենտը բնության մեջ օգնում է կենդանի օրգանիզմներին վերափոխել CO₂-ն, եւ հետազոտողները որոշել են այն ներառել շինարարական խառնուրդում։

Դրա շնորհիվ նյութի մեջ սկսվում է ռեակցիա․ ածխաթթու գազը օդից կապվում է խառնուրդի բաղադրիչների հետ՝ վերածվելով ամուր կարբոնատների, որոնք ժամանակի ընթացքում միայն ամրացնում են կառուցվածքը։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ESM-ն ամուր է, համադրելի է շաղախի հետ, ընդ որում՝ պահանջում է զգալիորեն ավելի քիչ էներգիա արտադրության համար։

Դրան կարելի է ձեւ տալ, ձուլել կամ տպել 3D-տպիչով, իսկ ամրանալուց հետո այն շարունակում է կապել CO₂-ն, այսինքն՝ դառնալ ածխածնա-նեգատիվ՝ կյանքի կոչելով ինժեներների երազանքը շինանյութերի մասին, որոնք կօգնեն մաքրել մթնոլորտը։

Բացի այդ, ESM-ը կարելի է պատրաստել հասանելի եւ ոչ թանկ բաղադրիչներից, ինչն այն պոտենցիալ զանգվածային է դարձնում։ Գիտնականները նշել են, որ տեխնոլոգիան դեռ զարգանում է, բայց արդեն այժմ պարզ է՝ ֆերմենտային նյութերը կարող են դառնալ ապագա կայուն ճարտարապետության մաս՝ առանձին վահանակներից մինչեւ խոշոր չափերի կրող կոնստրուկցիաներ։

Տեխնոլոգիայի կատարելագործմանը զուգընթաց՝ այդ նյութերը կարող են աստիճանաբար փոխարինել ավանդական շաղախին ամենատարբեր ոլորտներում՝ նվազեցնելով գլոբալ ածխածնային հետքը եւ օգնելով մեղմել կլիմայական փոփոխությունների հետեւանքները։