Անհետ կորածների խնդիրը բաղկացած է բազմաշերտ է։ Այս մասին դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

«Մենք իհարկե ունենք նաև գերիների չլուծված խնդիր, սակայն, եթե համեմատելու լինենք գոնե գերիների պարագայում մենք գիտենք նրանց գտնվելու վայրը։ Կա որոշակի աշխատանք, որի կատարումը կարող է հանգեցնել այս խմբի ազատ արձակման, իսկ անհայտ կորածների պարագայում մենք նրանց չենք կարող վերադարձնել, քանի դեռ չենք պարզել նրանց ճակատագիրը։ Առանց արդյունավետ քննության, որոնողական գործողությունների, համագործակցության՝ մենք պարզապես չունենք տեղեկատվություն նրանք գտնվելու վայրի, վիճակի, ողջ կամ մահացած լինելու հանգամանքի վերաբերյալ, որն էլ անորոշություն է ստեղծում», - հիշեցրել է Սահակյանը՝ հավելելով, որ անհայտությունը անհետ կորածների ընտանիքների համար հոգեբանական խոշտանգումների նման տառապանքներ է առաջացնում: Նրա խոսքով՝ սա այն հարցն է, որը միջազգային արձագանք է պահանջում

Առանձնացնելով խնդրի երկու կողմերը՝ միջպետական ​​և ներպետական, Սահակյանը նշել է որ առաջինը հիմնականում կապված է Ադրբեջանի հետ և լիարժեք հետաքննություն անցկացնելու կարողությունների բացակայության հետ։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանն է տիրապետում ապացույցների մեծ մասին, ապա արդյունավետ հետաքննությունը անհնար է առանց նրանց օգնության։

«Մենք ունենք նաև ներքին խնդիրներ։ Հատկապես կարևոր է անհետ կորած անձանց կարգավիճակի հստակեցումը։ Որքան էլ որ Հայաստանի Հանրապետությունը գտնվել է սառած կամ ակտիվ հակամարտության փուլում, սակայն Հայաստանում բացակայում է անհետ կորած մարդկանց իրավիճակը ամրագրող օրենք։  Փորձեր եղել են դեռևս 2000-ական թվականներին արվել։ 2007 թվականին նման նախաձեռնություն եղավ, որը ցավոք դրական արդյունք չտվես և 44-օրյա պատերազմից հետո քննարկումները ինտենսիվացան։ Առանց օրենքի՝ պետության ջանքերը համակարգված չեն լինի։ Գործող օրենսդրությունը պարունակում է տարբեր դրույթներ, որոնք ցրված են տարբեր օրենքներում, բայց չկա կենտրոնական մարմին, որը պատասխանատու է այդ հարցերը լուծելու համար։ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ ընդունի օրենք անհետ կորած անձանց կարգավիճակի մասին։ Անհրաժեշտ է միասնական պետական ​​քաղաքականություն։ Օրենքի բացակայությունը հանգեցնում է գործնական խնդիրների՝ միասնական մոտեցման բացակայության պատճառով», - նշել է Սահակյանը՝ հավելելով, որ հայտնի են դեպքեր, երբ դատարանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում նույնական գործերի նկատմամբ։

Փորձագետը նաև նշել է, որ միջազգային դատարաններում քննվում են ընտանիքների ներկայացուցիչների դատական ​​​​գործընթացներ, ինչը նշանակում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի ազդի անհատական ​​​​բողոքարկումների վրա: «Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ տեսնել միջազգային իրավական մարմինների իրավական դիրքորոշումը, որը կծառայի որպես նախադեպ: Սա կօգնի Ադրբեջանի իշխանություններից քայլերի հասնել», - կարծում է Սիրանուշ Սահակյանը: