Մենք ունենք հանձնառություն պայքարելու կոռուպցիայի դեմ և առնվազն քաղաքականության մշակման և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման տեսանկյունից բավականին մեծ աշխատանք ենք կատարել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նխարար Սրբուհի Գալյանը։
«Այս և հաջորդող տարիների մեր աշխատանքը նվիրված է լինելու կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուտների կարողությունների զարգացմանը ավելի թափանցիկ պետական ապարատ ունենալուն։ Ավելի թափանցիկ կուսակցությունների ֆինանսավորման հնարավորություններ սահմանելուն, ազդարարման համակարգը բարելավելուն և մի շարք այլ ուղղություններով բազմաթիվ միջոցառումների կատարմանը, որոնք ընդգրկված են հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում։
Հաջորդ տարվանից մենք ունենալու ենք արդարադատության ոլորտին առնչվող մեծ ռազմավարական փաստաթուղթ, որտեղ միարժեքորեն կոռուպցիայի դեմ պայքարը ընդգրկված է լինելու առանձին ռազմավարական ծրագրի շրջանակներում»,–ասաց նա։
Գալյանը նկատեց, որ երիտասարդների ընկալում կոռուպցիայի վերաբերյալ դրականորեն տարբերվում է ավելի մեծ սերնդի ընկալումներից. «Երիտասարդների հետ քննարկումների ընթացքում մենք տարբեր իրավիճակներ ենք փորձում մոդելավորել և այդ իրավիճակներից մեկը ունի հարցադրման տեքստ։ Դա ես չեմ հորինել, միջազգային հայտնի բանախոսներից մեկի հեղինակային իրավունքն է, որի ժամանակ հարցադրում է արվում, թե ո՞րն է ավելի վտանգավոր՝ հանցա՞նքը, սպանությո՞ւնը, թե՞ կոռուպցիա։ Որպես կանոն յուրաքանչյուր լսարանում 90 և ավել տոկոսը միանգամից պատասխանում է սպանությունը՝ առանց խորանալու կոռուպցիայի ձևակերպման, կոռուպցիայի հետևանքների մեջ։
Հաջորդիվ բանախոսի կողմից, այդ թվում հիմա նաև իմ, բերվում են օրինակներ, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ կոռուպցիան։ Օրինակ, բերվում է կոռուպցիոն հանգամանքներում կառուցված կամուրջի օրինակը, որը փլվում է մահ պատճառելով կամուրջի վրա գտնվող շատ անձանց։ Կամ օրինակ, հումանիտար օգնությունը տեղ չի հասնում։ Դրանից հետո լսարանում պատկերը խիստ փոխվում է։
Եվ դա է պատճառը, որ պետությունները որդեգրում են զրո հանդուրժողական կոռուպցիայի դեմ վարքականոնը, որը այնպես չի, որ պարտադիր է, որ փայլուն կերպով գործի։ Գաղափարական և կամքի տեսանկյունից պարտադիր է, որ դա լինի և դա ընդունվի, և վերջնարդյունքը պարզ է, որ չի լինելու կոռուպցիան արմատախիլ անելը, բայց դա ծառայելու է կոռուպցիոն ռիսկերի զսպամնը»,–ասաց Գալյանը։











