Լիբիայի մայրաքաղաքում` Տրիպոլիում, սիրիական եւ լիբիական ցուցարարները` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները, քարեր, ձվեր եւ լոլիկներ են նետել Չինաստանի դեսպանության վրա` ի պատասխան այդ երկրի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետո դնելու կապակցությամբ:

Լիբիացի զինվորների խոսքով, մոտ 50 մարդ հարձակվել են դեսպանության շենքի վրա, կոտրել են պատուհանները եւ ներկել պատերը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը փորձել են ներխուժել շենք, սակայն զինվորները կասեցրել են դա, հաղորդում է Reuters-ը:

«Այդ ամենը տեղի է ունենում Հոմսի իրադարձությունների առթիվ, նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել բանաձեւի վրա»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին նման հարձակման է ենթարկվել Տրիպոլիում Ռուսաստանի դեսպանությունը:

Ռուսաստանը եւ Չինաստանը փետրվարի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիային վերաբերող բանաձեւի քվեարկության ժամանակ օգտվել են վետոյի իրենց իրավունքից: