Խաչիկ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Բացի այդ, չկան նյութեր, ապացույցներ, որոնցից կարելի է ենթադրել, որ որևէ հանցագործություն է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Սոս Հակոբյանը։

«Մենք պնդում ենք, որ Խաչիկ Գալստյանի մասնակցությամբ նախընտրական բոլոր գործընթացները եղել են բացառապես օրենքի սահմաններում։ Այդ ընթացքում քրեական օրենսգրքի որևէ հոդվածի խախտում տեղի չի ունեցել»,–ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի քննությունն իրականացնում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը։

Նշենք, որ դատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությունը։ Նրան Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են երեկ՝ դեկտեմբերի 29–ին։

Նույն օրը ավելի ուշ ձերբակալվել է նաև աղարշապատում  «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը։

Արդեն այսօր Հակակոռուպցիոն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում է. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»։

 

 

https://www.youtube.com/watch?v=UF3PTnYr0eA