«Քաղաքական հետապնդումն այս իշխանությունների սովորական գործելաոճն է, ցանկացած ընդդիմադիր հայացքներով քաղաքացի պաշտպանված չէ, որ մի օր իշխանությունները որոշում չեն կայացնի և չեն ձերկալի մի շինծու գործով»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում ասաց Արթուր Վանեցյանը։

«Սա հերթական զավեշտալի քրեական վարույթն է, այն որևէ հիմք չունի և չի կարող ունենալ։ Սա ահազանգ պետք է լինի բոլոր ընդդիմադիր ուժերի համար, որովհետև սրանով նրանք ճանապարհ են հարթում առաջիկա համապետական ընտրություններին մարդկանց շինծու գործելով վախեցնելու, կալանավորելու՝  քաղաքական գործունեությունը կասեցնելու։ Այս գործի մանրամասներին տեղյակ չեմ, բայց հավաստիացնում եմ, որ այս գործը դատական վախճան չի ունենալու, այսինքն մեղադրական դատական ակտ չի կարող ունենալ, որովհետև չկա հանցագործություն։ Անգամ այս պայմաններում, երբ ապօրինի քրեական վարույթներ են հարուցվում»,–ասաց Վանեցյանը։

Նշենք, որ դատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությունը։ Նրան Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել են երեկ՝ դեկտեմբերի 29–ին։

Նույն օրը ավելի ուշ ձերբակալվել է նաև աղարշապատում  «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը։

Արդեն այսօր Հակակոռուպցիոն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում է. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»։