Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

Կառավարությունից հայտնում են, որ ԿԳՄՍՆ աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ, որոնք հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական հաստատությունները։ Ջերմուկում անցկացվող գալա-համերգին իրենց կատարումներով հանդես են եկել ընտրված 12 լավագույն մասնակիցները, որոնք այնուհետեւ ստացել են մրցանակներ։ Լավագույն մասնակիցներից բացի, դրամական պարգևներ են ստացել նաև մասնակիցների ուսուցիչներն ու ուսումնական հաստատությունները:

Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:

Կառավարությունից հայտնում են, որ մրցանակաբաշխության արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։

«Մենք քաղաքական մակարդակում շատ ենք խոսում, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը՝ խաղաղ, անվտանգ, զարգացած, ժողովրդավարական, բայց այդ ամենի թիկունքում կա մի շատ կարևոր գործոն՝ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի նաև ստեղծագործ, որովհետև իմ նշած բոլոր գործոնները, այնուամենայնիվ, իրենց հետևում պահանջում են, ակնկալում են ստեղծագործական աշխատանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասել է, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին զուգահեռ, ծրագիր կիրականացվի նաև արվեստի դպրոցներում։

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շատ կարևոր հնարավորություն ենք բացել և բացում մասնավոր ոլորտի համար: Այստեղ արդեն կային արվեստի կենտրոններ, որոնք մրցանակներ շահեցին: Մենք քաջալերում ենք դա և ուզում եմ նաև ընդգծել, որ համընդհանուր հայտարարագրման համակարգով, այդ թվում՝ սոցիալական կրեդիտների հսկայական միջոցներ դեպի այդ գործունեության տեսակը ուղղորդելու հնարավորություն ենք ստեղծել: Եվ ես համոզված եմ՝ այդ հնարավորությունները, այն, ինչ մենք անում ենք և այն ինչ մենք ասում ենք, անպայման իր հետ կբերի նոր մարդիկ, նոր ձայներ, նոր երգեր, նոր ստեղծագործություններ: Կարևոր է, որ այս փառատոնը և այս մրցույթը կոնկրետ վերաբերում է հեղինակային երգին, այսինքն՝ նրանց, ովքեր ստեղծում են այդ երգերը և կատարում են այդ երգերը: Կարծում եմ՝ երկու տարվա արդյունքներով շատ կարևոր քայլեր ենք արել: Այդ քայլերը պետք է շարունակենք և անպայման ամեն տարի այս ձևաչափով մրցույթ կանցկացնենք, կհանդիպենք, կխոսենք, կքաջալերենք և կխրախուսենք ստեղծագործելը Հայաստանի Հանրապետությունում»,– նշել է նա։