Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել տարվա սկզբից: Այս մասին, այսօր՝ հունվարի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Ժորա Սարգսյանը:

«Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա գործատուների և աշխատողների համար մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես, նրանք այսուհետ կունենան պայմանագրի օրինակելի ձևով կազմված պայմանագիր: Մենք հարթակում նախատեսել ենք բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը: Անգամ ունենք հուշումներ, թե ինչպես այդ դաշտերը պետք է լրացնել, ինչը ավելի կհեշատցնի գործընթացը։

Մենք հանդիպել ենք դեպքեր, երբ աշխատողները այդպես էլ իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել, կամ ստացել են ավելի ուշ՝ քան նախատեսված էր աշխատանքային օրենսդրությամբ: Համակարգի ներդրումից հետո այս խնդիրը ևս լուծվում է, աշխատողն անմիջապես ստորագրումից հետո տեսնելու է իր պայմանագիրը «Ես եմ» հարթակում»,- նշել է նա:

Խոսելով տեսչական վերահսկողական մեխանիզմների մասին, ինչն իրենից ենթադրում է տալ հնարավորություն միանգամից տեսնելու, թե կողմերի միջև ինչ պայմանագիր կա կնքված, պայմանագրի վրա ինչ փոփոխություններ են կատարված, ինչ վիճակում են գտնվում իրենց հարաբերությունները, պաշտոնյան նշեց. «Այսինքն այն իրականությունը, որ դեպքեր ենք ունեցել, որ ստուգումից առաջ հետին ամսաթվով պայմանագրեր են պատրաստվել և դրանով փորձել են ցույց տալ, որ խնդիր չկա, այլևս հնարավոր չի լինի նման բաներ իրականացնել»։

Իր հերթին «G solutions» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես–վերլուծաբան Աննա Պողոսյանը նշեց, որ մինչև 2026–ի հունվարի 1–ը համակարգը արդեն իսկ գործարկվել էր, 2025 թվականի հոկտեմբերից, ու գործատուները հնարավորություն են ունեցել կամավորության սկզբունքով ստեղծել էլեկտրոնային փաստաթղթեր. «Համակարգը կարելի է ասել ամբողջությամբ պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումը և բոլոր էլեկտրոնային փաստաթղթերի կնքումն ու ստորագրման գործընթացը»,–ասաց նա։