Շատ երկար տարիների ընթացքում առաջին անգամ այս տարի քրեական արդարադատության վիճակագրության տեսանկյունից մենք ունենք բավականին դրական տեղաշարժ այն առումով, որ դատապարտված անձանց քանակը վերջապես գերազանցել է կալանավորված անձանց քանակին, և դա շատ դրական ցուցանիշ է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Դիտարկմանը, որ շատ են փաստաբանները ահազանգում, որ կալանավորումները Հայաստանում անհարկի են, ոչ արդարացված, նա նշեց. «Մենք նման պնդումներ անելու համար միշտ պետք է վիճակագրության վրա հիմնվենք, այսինքն հայտարարությունները չպետք է լինեն մատից ծծված, այլ կոնկրետ թվերի, փաստերի հիման վրա։ Առ այսօր մենք միշտ դժգոհել ենք և այդ հարցը դատախազին Ազգային ժողովի ամենամյա հաղորդման ժամանակ միշտ իրեն տվել ենք, թե ինչու է շարունակում քրեական արդարադատության վիճակագրությունը լինել բացասական այն առումով, որ մտահոգիչ է եղել այն փաստը, որ կալանավորված անձանց թիվը դատապարտված անձանց թվից շատ է եղել։ Այս պահի դրությամբ արդեն մենք կարող ենք խոսել այդ մասին, որ մենք այդ վատ համարվող վիճակագրությունը հաղթահարել ենք։
Սրանում չի կարող դեռ չխաղալ նաև այն հանգամանքը, որ մենք փոխել ենք մեր քրեական օրենսդրությունը, նոր քրեական օրենսգիրք և քրեական դատավարության օրենսգիրք ունենք և դրա արդյունքներով է նաև պայմանավորված վիճակագրության այս փոփոխությունը»։
Հարցին՝ երբևէ կալանավայրերում այսքան հոգևորականներ եղե՞լ են, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց,. «Իսկ երբևէ հոգևորականները կատարե՞լ են հանցագործություններ, որոնց համար պետք է հայտնվեին կալանավայրերում։ Իհարկե, չխախտելով անմեղության կանխավարկածը այն մարդկանց հետ կապված, որոնց վերաբերյալ դեռ դատավճիռ չկա։ Չեն եղել և դա ունեցել է պատճառ։
Հանցագործությունները պատահեցին հիմա, դրա համար հիմա սկսեցին բացահայտվել, հանցագործությունները երբ չեն կատարվում, բնականաբար նաև չեն բացահայտվում։ Երբ կատարվում են, հույս ունեմ, որ իրավապահ մարմինները իրենց տեղում են, լավ աշխատում են և բացահայտում են»։
Հիշեցմանը, որ օրինակ, Արշակ Սրբազանի դեպքում, խոսքը մի քանի տարի առաջ տեղի ունեցածի մասին էր, ինչո՞ւ հիմա նա կալանավորվեց, նա կոչ արեց այդ հարցն ուղղել քննչական մարմիններին. «Համենայնդեպս, եթե դուք պնդում եք, ես կարող եմ այդ հարցը հնչեցնել ամենամյա հաղորդման շրջանակներում, երբ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեի ղեկավարները գան Ազգային ժողով»։
Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ–ի աջակից Գնել Սարգսյանը ուղիղ եթերում հայհոյեց հոգևորականներին, դրա վերաբերյալ որևէ վարույթ չնախաձեռնվեց, իսկ Սամվել Կարապետյանը կալանավորվեց «մեր ձևով կմասնակցենք» ասելու համար, Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ այդ հարցերը պետք է ուղղել իրավապահ մարմիններին։
«Արդարադատության որակից Հայաստանի Հանրապետությունում դժգոհ են բոլորը, և բնականաբար պետք է ջանք չխնայվի, որ այդ որակի բարձրացման ուղղությամբ կատարվի լուրջ աշխատանք և մասնավորապես կրթության ոլորտում։
Կոնկրետ դեպքերի հետ կապված, նախ պետք է այդ բոլոր դեպքերի մանրամասներին ես ծանոթ լինեմ, որ կարողանամ դրա վերաբերյալ անել հետևություններ և իմ «հեղինակավոր» կարծիքը հայտնել։ Ես կարծում եմ, եթե կան իրավապահ մարմիններ, որոնք կատարում են իրենց աշխատանքը, իրենք այդ աշխատանքը պետք է կատարեն, եթե կան խնդիրներ, բնականաբար այդ մասին պետք է բարձրաձայնվի»։











