Քիչ առաջ նախօրեին գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդան, ժամանեց Երեւան' տեսակցելու ամուսնուն։ «ԶՎարթնոց» օդանավակայանում նա չէր կարողանում զսպել հուզմունքը, անընդհատ լալիս էր և չէր կարողանում պատասխանել լրագրողների հարցերին։

Նրան ուղեկցող տղամարդը հայտնեց, որ նա մինչ այս պահը չգիտեր, թե որտեղ է Վիգենը և նրա հետ կապի դուրս չի եկել։

«Ես շատ երջանիկ եմ, միան ուզում եմ տեսնել Վիգենին, թողեք գնամ։ Ես հիմա միայն ուզում եմ տեսնել Վիգենին։ Երեխաները չեն հավատում, որ սա իրականություն է, շատ ուրախ են»,–լաց լինելով ասաց կինը։

Նա նաև հայտնեց, որ երբ Վիգենը լինի Լիբանանում, որդու պսակադրությունը տեղի կունենա, որին այդքան սպասել են։

Նա ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ մեկնեց դեպի զինվորական հոսպիտալ, որտեղ այս պահին գտնվում են ադրբեջանական գերությունից վերադարձած գերիները։

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։

Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։