ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի աստիճանների մոտ սպառնացել է ինձ և իմ գործընկեր Սոնա Գրիգորյանին, որ դուք հեռացվելու եք։ Այս մասին այսօր՝ հունվարի 16–ին, ԱԺ միջանցքում հայտարարեց Armlur.am–ի խմբագիր Քնար Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպին, երբ իրենց կայքի լրագրողներին ՊՊԾ աշխատակիցները դուրս հրավիրեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից։

Նշենք, որ լրագրողները ԱԺ մուտք են գործել պատգամավոր Գեղամ Մանուկյանի իջեցրած հայտով։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հայտարարել է, որ այդ հայտով կարող են այցելել միայն տվյալ պատգամավորի աշխատասենյակ։

«Արթուր Հովհաննիսյանը այն պատգամավորն էր, որը 0.24 գրամ թմրանյութի գործով քրեական վարույթով անցել է և այսօր եկել է մեզ սպառնալիքներ է հնչեցնում։

Սա բոլորին է վերաբերում, ով որ ոչ ցանկալի հարց հնչեցնի, հանելու են դուրս այսպես, որովհետև մենք Հայկ Կոնջորյանին փորձել ենք հարցնել, որտեղից ձեզ Թաուն Հաուսը, ինչպես է կարողացել գնել, ինչպես է ստացվում, որ դուք կարողացել եք 50% զեղչով գնել, ու դրա համար մեզ հանել են դուրս։

Ընդամենը հարցեր տալու համար չորս կլան գործել է՝ Ալեն Սիմոնյան, Դավիթ Առաքելյան, Հայկ Կոնջորյան և Արթուր Հովհաննիսյան, չորսն էլ պատասխան են տալու։

Արթուր Հովհաննիսյանին թվում է, թե Ազգային ժողովում մեր մուտքը արգելելով, հավատարմագրումից զրկելով, մենք իրենց չենք տեսնելու և իրենց կոնկրետ գործունեության մասով հարցեր չենք ուղարկում, ուղղելու, չարաչար սխալվում են, շարունակվելու է մեր մասնագիտական գործունեությունը»,–ասաց նա։

Դրանից հետո Քնար Մանուկյանը փորձեց բարձրանալ աստիճաններով դեպի նիստերի դահլիճի ֆոյե, և ՊՊԾ աշխատակիցները հրելով նրան իջեցրին։ ԱԺ միջանցքում հրմշտոց սկսվեց, ՔՔԾ աշխատակիցները հրում էին նաև տընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

Ի վերջո, նրանց դուրս բերեցին ԱԺ շենքից։