ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այսօր ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպին, երբ Armlur.am կայքի խմբագրին և լրագրողներին ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով դուրս հրավիրեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից։
«Հատավարմագրումից զրկված լրագրողները չեն կարող ներկա գտնվել նիստին, դա օրենքի պահանջն է՝ սևով սպիտակի վրա գրված։ Ուզում եմ հասկանալ՝ մեր լրատվական դաշտի հետ ինչ է կատարվում, իրենց գալու նպատակը գալ, լուր տա՞լն, թե՞ սեփական անձի շուրջ սկանդալ սարքելը, հարցի մեջ այնպիսի ձևակերպումներ անելը, որ բանախոսը հակադարձի և դա սկանդալ դառնա։ Ուզում եմ հասկանալ՝ լրատվությունն այսօր ինչո՞վ է զբաղվում»,–ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ԱԺ նախագահի հրամանով են ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով հեռացրել լրագրողներին, և ինչու է լրագրողներին խորհրդարանից նման կերպ հեռացնելն ընդունված պրակտիկա դարձել։
Հարցին, թե ինչու՞ են լրագրողները ՔՊ–ական պատգամավոր Հայկ Կոնջորյանին հարց տալու համար զրկվել հավատարմագրումից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հարցին բազմիցս արնդրադարձ եղել է, և լրագրողները կարող են դատական ճանապարհով գնալ։
«Այսօր լրագրողներից մեկը բացականչում էր, որ դատական գործ կա։ Թո՛ղ դատարանը որոշի, շատ բարի»,–նշեց Սիմոնյանը։
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում ՊՊԾ աշխատակիցները Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից ուժով դուրս են բերել «Ժողովուրդ» թերթի երկու լրագրողներին, որոնք թեև զրկվել են հավատարմագրումից, սակայն Ազգային ժողով գնացել էին պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտով։











