Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆիները բոլորի վրա թանկ են նստում։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Պատիվ ունեմ խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Դավոսում «Խաղաղության խորհրդի» նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թանկարժեք մասնակցությունը։
Հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը՝ որպես նախաձեռնության հիմնադիր անդամներից մեկը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը միացել է Խորհրդին բացառապես վարչապետի և ամերիկացի նախագահի նոր լուսանկարի համար։ «Մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիներս, 1 միլիարդ դոլար ենք վճարելու, որ Փաշինյանը ևս 1 ֆոտո ունենա Թրամփի հետ։ Թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները։ Օրինակ, 60 միլիոն դոլարի սելֆին SU ինքնաթիռների վրա, որոնք չեն ծառայել մեր ինքնիշխանությանը կամ սահմանների պաշտպանությանը», - ասել է Մամիջանյանը։
Մեկնաբանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե «Խաղաղության խորհրդին» մասնակցության պայմանները և ֆինանսական պարտավորությունների ծավալները տարբեր երկրների համար կարող են տարբեր լինել՝ ընդդիմադիր գործիչը հնարավոր է համարել նման տարբերակը։ Սակայն, նրա կարծիքով, դա կնշանակի, որ այն պետությունները, որոնք ավելի քիչ կվճարեն կամ նախաձեռնությանը կմիանան անվճար, չեն ունենա հավասար ձայնի իրավունք մյուս մասնակիցների համեմատ։











