Հրդեհգի հետեւանքով մեկ հոգի է դիմել, ծուխ էր շնչել, վատ է զգացել, մոտեցել էր շտապօգնության մեքենային։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում բռնկված հրդեհի վայրում NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շտապօգնության բժիշկ Արմեն Խոջոյանը։
«Մոտ 5 րոպե թթվածին շնչելուց հետո նրա շնչառությունը կարգավորվեց, որից հետո արդեն բավարար էր զգում իրեն։ Հիվանդանոց տեղափոխելու կարիք չկար։
Հիմա այստեղ մենք հերթապահության մեջ ենք, միգուցե ուրիշ հիվանդ լինի, և օգնություն ցույց կտանք։ Այս պահին այստեղ այս մի մեքենան է, եթե կարիք լինի, մենք կարող ենք օգնություն խնդրել և այլ մեքենաներ էլ կգան»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 14։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ։











