Ինտենսիվ գյուղատնտեսության մեջ բոլոր ցուցանիշները առանց բացառության, որոնք որ 2021-2026 թվականների կառավարության ծրագրով սահմանված են եղել, 2025-ի արդյունքում կատարված են, որոշները կրկնակի, եռակի ավել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Օրինակ, յուրաքանչյուր տարի 1000 հեկտար ինտենսիվ այգու հիմնում, 4,5 տարում 4516 հեկտար։ Ցուցանիշը դրված է, կատարված է։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կլինի բարձր գերակատարում:

Ինտենսիվ այգիները 1000 հեկտար պետք է մեկ տարում կառուցվեր, 1365 հեկտար է կառուցվել։ Ընդ որում, այս 1365-ը իմ բծախնդրության հետևանքով է եղել, որովհետև ես գնացել եմ, օրինակ, մոնիտորինգը գնացել է, մի 500 հեկտար չի հաստատել, հետո ես եմ գնացել ման եկել, մի 100-150 հեկտար էլ ես չեմ հաստատել։ Այսինքն այն, որ այստեղ մի ծառ չորացած է, ասել եմ՝ կգնաք այս ծառը նորից կվերատնկեք, կկպնի, նոր կգաք ձեր գումարը կտանք, նոր կգաք կհաշվառենք։ Այստեղ քարը լավ չեք մաքրել, այս քարերը կմաքրեք, նոր կգաք ձեր գումարը կտանք։ Այսինքն այնպես չի, որ այգին չկա, ուղղակի ուզում ենք իդեալական, կատարյալ այգիներ լինեն։

Դրա արդյունքում բազմամյա տնկարկները 2018 թվականի նկատմամբ 8.6% աճել են։

Ոռոգման արդիական տեխնոլոգիաներով ոռոգելի հողատարածքները պետք է ավելանային 2021-2026 թվականներին 3000 հեկտարով: 25 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 7000 հեկտարով ավելացել է, այսինքն այս պահի դրությամբ ավելի քան երկու, գրեթե երկու ու կես անգամ պլանը կատարված է։

Ջերմատնային տնտեսություններ. պետք է հիմնվեր 45 հեկտար 4.5 տարում։ Մոտ 80 հեկտար հիմնվել է այս տարի մի քանի տասնյակ հեկտար էլ կմտնի շրջանառության մեջ։

Տարեկան շուրջ 500 միավոր գյուղ տեխնիկայի ձեռքբերում, այսինքն 4,5 տարում մոտավորապես 2200 գյուղտեխնիկա պետք է լիներ, արդեն 3969 է այդ ցուցանիշը, դա կրկնակի ավելի է կառավարության դրած թիրախից։

Տարեկան շուրջ 250 միավոր ագրոմշակման սարքավորում, այսինքն 4,5 տարում 1100-ից մի փոքր ավել պետք է լիներ, բայց 2832 է։ Այս ցուցանիշը երեք անգամ ավել է կառավարության դրած թիրախից։

Գյուղատնտեսության ոլորտում կառավարության ներդրումները շարունակաբար ավելանում են, եթ 2021 թվականին, օրինակ, 25 միլիարդ էր, հիմա 42 միլիարդ է»,–ասաց Պապոյանը։

Խոսելով ոլորտում տրամադրված վարկերի ծավալի մասին, նախարարն ասց. «Եթե 2021–ին 258 միլիարդ էր, արդեն 380 միլիարդ է: Մեկ միլիարդ դոլարից ավել վարկ կա տրամադրված գյուղատնտեսության ոլորտում: Սա նշանակում է, որ ինտենսիվ գյուղատնտեսությունը շահութաբեր է, սրանով զբաղվում են բիզնեսմենները, գործարարները, որոնք մեկ միլիարդ դոլար վարկ են վերցրել, դրել գյուղատնտեսության մեջ։