Երևի իշխանությունները հասկանում են, որ հունիսի 7–ի ընտրություններում շանս չունեն ընտրվելու, իշխանություն կազմելու, փորձում են բռնաճնշումների դիմել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեց Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«Մենք տեսել ենք, որ երբ իշխանությունը գնում է այս աստիճան բռնաճնշումների, բեսպրեդելի, շատ կարճ ժամանակ հետո իրենք զրկվում են իշխանությունից»,–ասաց նա։
Սևակ Խաչատրյանը կասկած հայտնեց, թե ԵՄ–ի ֆինանսական աջակցությունն իրենց օգնի. «Մենք տեսանք բացառիկ աջակցությունը։ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանն է աջակցություն հայտնել։ Կարծես թե Թուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մրցում են, թե իրենցից ով է լինելու ՔՊ–ի նախընտրական շտաբի պետը։ Մոտ ժամանակներս կտեսնենք, թե այդ մրցույթում ով կհաղթի»,–ասաց նա։
Նշենք, որ ավելի վաղ «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: «Մինչ այս պահը արդեն 10-ից ավելի ձերբակալված կա. նրանց թվում ավագանու անդամներ են և մեր դաշինքի աջակիցներ»։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am–ին միայն հայտնել են, որ Վաղարշապատում խուզարկություններն ու ձերբակալությունները Քննչական կոմիտեի տիրույթում են: Ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:











