Հայաստանի տարբեր մարզեր այցելում ենք՝ կուսակցական ներքին նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով իշխող կուսակցության շուրջ առաջացած քննադատությունը։
Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես, պնդում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին զբաղված է քարոզչությամբ։ Ինչպես նշել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, այս այցերն անհրաժեշտ են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման համար, որը գլխավորելու է երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում, մենք նաև քաղաքացիների հետ շփմամբ ենք համադրում մեր այցերը։ Կարծում եմ, որ այդ քննադատությունը տեղին չէ միայն այն պատճառով, օրինակ՝ վարչապետը շատ հաճախ լինում է մարզերում, շփվում է քաղաքացիների հետ։ Բացի այդ, մենք որպես խմբակցություն տարբեր այցեր ենք ունենում մարզեր, գործադիրի ներկայացուցիչներն են տարբեր այցեր ունենում, և դրանք բոլորը հրապարակային են: Եթե մենք կամ վարչապետը 5 տարի չգնայինք մարզեր, գուցե քննադատությունները տրամաբանություն կունենային, բայց այդ քննադատությունները որևէ հիմք իրենց ներքո չունեն, որովհետև դա մեզ համար աշխատելաոճ է», - ասել է Կոնջորյանը։ Նրա խոսքով՝ իրենք մարզեր են մեկնում, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրված իշխող ուժ են։











