Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրություններում մենք գրանցելու ենք միանձնյա հաղթանակ։ Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ այն ցուցանիշները, որոնք իշխող կուսակցությունը դրսևորել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև խաղաղության հաստատումը, իրենց չափազանց ծանրակշիռ հիմքեր են տալիս կարծելու, որ այս անգամ ևս հաղթանակի կհասնեն։

«Մենք մեր ուղերձները հղում ենք մեր բոլոր քաղաքացիներին՝ անկախ այն բանից, թե նրանք մեր ընտրողներն են, թե ոչ, մեզանից գոհ են, թե դժգոհ: Բնականաբար, նրանք, որոնք մեզանից դժգոհ են, իրենց հետ հավելյալ ջանք ենք գործադրում, որպեզի մեր ուղերձները նրանց ավելի հասկանալի լինեն», - հավելել է Կոնջորյանը։