Եթե Իրանի նոր գերագույն առաջնորդը մահանա կամ ի վիճակի չլինի շարունակել երկրի կառավարումը, դա կարող է հանգեցնել գործող համակարգի փլուզման։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում նման համոզմունք է հայտնել Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, որն Իրանի դեմ կոշտ քաղաքականություն վարելու և պատերազմ սկսելու գլխավոր ջատագովներից է եղել մշտապես։

«Բոլորը կարծում էին, թե Այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո իշխանության փոխանցման ճգնաժամ կառաջանա, քանի որ հեղափոխությունից ի վեր միայն մեկ անգամ էր իշխանության փոխանցում տեղի ունեցել, և նա Իսլամական Հանրապետության երկրորդ գերագույն առաջնորդն էր: Հիմա մենք արագացրել ենք իշխանության ժառանգորդի ընտրության հարցում ճգնաժամի հասունացումը, եւ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը ցույց է տալիս, թե որքան բարդ վիճակում են նրանք հայտնվել։ Եթե Մոջթաբա Խամենեին մահանա կամ չկարողանա շարունակել երկրի կառավարումը, իշխանության փոխանցման նոր ճգնաժամ կառաջանա։ Երբ այդ պահը գա, դա կարող է շատ արագ փլուզել նույնիսկ ավտորիտար ռեժիմը»,- պնդել է նա։

Հարցին՝ ի՞նչ են անելու ԱՄՆ-ն և Իսրայելը, եթե Մոջթաբա Խամենեին արդեն իսկ բացառել է հանձնվելն ու խոստացել վրեժ լուծել Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, Ջոն Բոլթոնը պնդել է, որ նա շարունակում է ռազմական թիրախ մնալ։

«Նա է գլխավոր հրամանատարն այժմ և լեգիտիմ ռազմական թիրախ է հանդիսանում, ինչպես և նրա կառավարության մյուս անդամները։ Ես չեմ կարծում, թե այս դեպքում ճիշտ է Իրանի հանձնվելու տարբերակը դիտարկելը, նպատակը, իմ կարծիքով, պետք է լինի ռեզիմի փլուզումը, իսկ մոտակա հեռանկարում ամենից հավանական արդյունքը կլիներ ռազմական կառավարության ձևավորումը՝ բաղկացած Իրանի կանոնավոր բանակի գեներալներից։ Կրկնեմ՝ ոչ թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, այլ կանոնավոր զինված ուժերի գեներալներից, ովքեր ակնայուն այս վիճակում կարգուկանոն կհաստատեն երկրում, որից հետո հնարավորություն կտան Իրանի ժողովրդին խորհրդակցական գործընթաց անցկացնել՝ որոշելու կառավարական սահմանադրական համակարգի ապագա մոդելը։ Կարծում եմ՝ այդ դեպքում հնարավոր կլինի կապի դուրս գալ նրանց հետ»,- ասել է Բոլթոնը։