Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանն ակտիվորեն դրդում է նախագահ Դոնալդ Թրամփին շարունակել Իրանի դեմ պատերազմը՝ պնդելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմարշավը «պատմական հնարավորություն» է Մերձավոր Արևելքի վերակառուցման համար։ Այս մասին հայտնում է NYT-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ այդ աղբյուրների՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած մի շարք բանակցությունների ընթացքում արքայազն Մոհամմեդը Թրամփին հասկացրել է, որ անհրաժեշտ է թիրախավորել Իրանի կառավարության տապալումը։ Նա նաև պնդում է, որ Իրանը երկարաժամկետ սպառնալիք է Պարսից ծոցի համար, որը կարելի է վերացնել միայն երկրում իշխանափոխության միջոցով։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես Իրանը համարում է երկարաժամկետ սպառնալիք, սակայն վերլուծաբանները նշում են, որ իսրայելցի պաշտոնյաները թույլ և ներքին խնդիրների մեջ թաղված Իրանը հավանաբար կդիտարկեին որպես «շահեկան սցենար», մինչդեռ Սաուդյան Արաբիան նման իրավիճակը լուրջ և ուղղակի սպառնալիք է համարում իր ազգային անվտանգության համար։
Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները մտահոգված են, որ հակամարտության ձգձգման դեպքում Իրանը կկարողանա առավել կործանարար հարվածներ հասցնել սաուդյան նավթային օբյեկտներին, իսկ Միացյալ Նահանգները կարող են ներքաշվել «անվերջանալի պատերազմի» մեջ։
Հրապարակային հարթակում Թրամփն անհետևողականություն է դրսևորում՝ մեկ ակնարկելով հակամարտության հնարավոր շուտափույթ ավարտի, մեկ էլ՝ դրա էսկալացիայի մասին։ Երկուշաբթի օրը նախագահը սոցիալական տիրույթում հայտնել է, թե իր վարչակազմը և Իրանը «արդյունավետ բանակցություններ են վարել թշնամական գործողությունների լիարժեք կարգավորման շուրջ», թեպետ Իրանը հերքել է որևէ բանակցության փաստը։
Սաուդյան Արաբիայի տնտեսության և ազգային անվտանգության համար պատերազմի հետևանքներն ահռելի են։ Անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով իրանական կողմի պատասխան հարվածները, որոնք հաջորդել են ամերիկա-իսրայելական հարձակումներին, արդեն իսկ զգալի խափանումներ են առաջացրել նավթային շուկայում։
Սաուդցի պաշտոնյաները հերքում են այն պնդումները, թե արքայազն Մոհամմեդը պնդել է պատերազմը շարունակելու օգտին։
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը մշտապես կողմ է եղել այս հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ դեռևս դրա մեկնարկից առաջ»,— հայտարարել են կառավարությունից՝ հավելելով, որ պաշտոնյաները «մշտական կապի մեջ են Թրամփի վարչակազմի հետ, և մեր հանձնառությունն անփոփոխ է»։ «Այսօր մեր գլխավոր առաջնահերթությունը մեր ժողովրդին և քաղաքացիական ենթակառուցվածքներն ամենօրյա հարձակումներից պաշտպանելն է»։ Կառավարության ներկայացուցիչները նաև նշել են, որ «Իրանը նախընտրել է «դանակի սայրի» վտանգավոր խաղը, այլ ոչ թե լուրջ դիվանագիտական լուծումները։ Սա վնասում է բոլոր կողմերին, բայց ամենից շատ՝ հենց Իրանին»։
Քննարկումներին իրազեկ աղբյուրները պնդում են, որ Թրամփը ժամանակ առ ժամանակ պատրաստակամություն է հայտնել դադարեցնել պատերազմը, սակայն արքայազն Մոհամմեդը հակառակն է պնդել՝ հասնելով նրան, որ հարվածներ հասցվեն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ Թեհրանի կառավարությանը թուլացնելու նպատակով։
Արքայազն Մոհամմեդը վայելում է Թրամփի հարգանքը և նախկինում ևս ազդել է նրա որոշումների վրա։ Աղբյուրները նշում են, որ նա նույնիսկ առաջարկել է ԱՄՆ-ին զորք մտցնել Իրան՝ էներգետիկ օբյեկտները գրավելու և կառավարությունը տապալելու համար։
Վերջին օրերին Թրամփն ավելի լուրջ է դիտարկում Խարգ կղզին՝ Իրանի նավթային ենթակառուցվածքի առանցքային կենտրոնը գրավելու նպատակով ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։ Օդադեսանտային կամ ծովային դեսանտի մասնակցությամբ նման օպերացիան՝ չափազանց ռիսկային կլիներ։
Այնուամենայնիվ, ըստ աղբյուրների, արքայազն Մոհամմեդը պնդում է ցամաքային գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը։
Սաուդցիների համար տնտեսական գործոնները պակաս կարևոր չեն, քան քաղաքականը։ Պատերազմի սկզբից ի վեր Իրանի պատասխան հարձակումները փաստացիորեն արգելափակել են Հորմուզի նեղուցը՝ կաթվածահար անելով տարածաշրջանի էներգետիկ արդյունաբերությունը։ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Քուվեյթի նավթի մեծ մասն անցնում է հենց այս նեղուցով։
Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն կառուցել են այլընտրանքային խողովակաշարեր, սակայն այդ երթուղիները նույնպես հարձակման են ենթարկվել։ Վերլուծաբանները կարծում են, որ արքայազն Մոհամմեդը, հավանաբար, կնախըտրեր խուսափել պատերազմից, սակայն զգուշանում է, որ եթե Թրամփն այս պահին նահանջի, Սաուդյան Արաբիան և Մերձավոր Արևելքի մյուս երկրները դեմ առ դեմ կմնան զայրացած և սանձարձակ Իրանի հետ։
Նման սցենարի դեպքում Սաուդյան Արաբիան կդառնա հարձակումների թիրախ, իսկ Իրանը կկարողանա պարբերաբար արգելափակել Հորմուզի նեղուցը։
«Սաուդցի պաշտոնյաները, անկասկած, ցանկանում են պատերազմի ավարտը, սակայն էական է, թե ինչպես այն կավարտվի»,- նշել է Միջազգային ճգնաժամային խմբի «Պարսից ծոցի և Արաբական թերակղզու» նախագծի տնօրեն Յասմին Ֆարուկը։
Սաուդյան Արաբիան տիրապետում է Patriot զենիթահրթիռային համալիրների մեծ պաշարների, որոնք կիրառում է նավթավայրերը, վերամշակող գործարաններն ու քաղաքները իրանական հարձակումներից պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, կալանիչ հրթիռների դեֆիցիտ է նկատվում։ Անօդաչուների և հրթիռների հարվածներն արդեն իսկ վնասել են նավթավերամշակման գործարանն ու ԱՄՆ դեսպանատունը, իսկ խոցված արկերի բեկորներից սպանվել է Բանգլադեշի երկու միգրանտ, վիրավորվել են ավելի քան տասը այլ օտարերկրյա քաղաքացիներ։
Պատերազմի մեկնարկից ի վեր Նեթանյահուն պնդում է այնպիսի ռազմական գործողությունների անհրաժեշտությունը, որոնք կարող են հանգեցնել Իրանի կառավարության տապալմանը։ Ամերիկացի պաշտոնյաները կենտրոնացած են երկրի հրթիռային և ծովային կարողությունների նվազեցման վրա և թերահավատորեն են վերաբերվում իրանական վարչակազմի տապալման հնարավորությանը։
Սաուդցի պաշտոնյաները վաղուց են մտահոգություն հայտնում, որ Իրանում պետական համակարգի փլուզումը լուրջ սպառնալիք է, քանի որ նույնիսկ կառավարության անկումից հետո ռազմական կառույցի տարրերը կամ նորաստեղծ զինված խմբավորումները կարող են շարունակել թագավորության վրա հարձակումները (առաջին հերթին՝ նավթային օբյեկտների վրա)։
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ արքայազն Մոհամմեդը պատերազմը դիտարկում է որպես Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի ազդեցությունը մեծացնելու հնարավորություն և վստահ է, որ իր երկիրը կկարողանա պաշտպանվել նույնիսկ հակամարտության շարունակման դեպքում։
Արքայազն Մոհամմեդի հետ զրույցներում Թրամփն իր մտահոգությունն է հայտնել նավթի գների և տնտեսությանը հասցվող վնասների վերաբերյալ։ Արքայազնը, սակայն, հավաստիացրել է նրան, որ դրանք լոկ ժամանակավոր դժվարություններ են։
Ամերիկացի և տարածաշրջանային պաշտոնյաները թերահավատորեն են վերաբերվում այն տեսակետին, թե նավթային շուկաները պատերազմից հետո արագ կվերականգնվեն։ Սաուդյան Արաբիան չի կարող փոխհատուցել հակամարտության պատճառով առաջացած կորուստները, քանի որ նրա ցամաքային խողովակաշարը բաց է թողնում այն նավթի միայն մի մասը, որը սովորաբար անցնում է Հորմուզի նեղուցով։
Մինչև պատերազմի մեկնարկը, արքայազն Մոհամմեդը ֆինանսական խնդիրների է բախվել՝ կապված իր հավակնոտ ծրագրերի հետ, որոնց նպատակն է մինչև 2030 թվականը երկիրը վերածել համաշխարհային գործարար կենտրոնի։ Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է առաջիկա մի քանի տարիների համար, իսկ մեգանախագծերն ու արհեստական բանականության ոլորտում ներդրումները մեծապես ծանրաբեռնում են երկրի սահմանափակ ռեսուրսները։
Իրանի հետ ձգձգվող պատերազմը վտանգի տակ է դնում այս ամենը։ Արքայազնի հաջողությունը կախված է ներդրողների և զբոսաշրջիկների համար անվտանգ միջավայր ստեղծելուց։
Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հայտարարել է, որ կառավարության գլխավոր նպատակն է դադարեցնել Սաուդյան Արաբիայի և հարևան երկրների վրա իրանական հարձակումները։
«Մենք կօգտագործենք բոլոր լծակները՝ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական և այլն, որպեսզի կասեցնենք այդ հարձակումները»,- ասել է Ֆեյսալը։





























