Ադամի սխրանքը կարողացավ ցույց տալ մեր ժողովրդին, թե ինչպես կարելի է սիրել առանց նախապայմանի, ինչպես պետք է մարդը ապրի արժանապատիվ և ինչպիսին պետք է լինի իսկական ազնվական հայը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, 2016 թվականի ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցին, լրագրողների հետ զրույցում ասաց հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը։

«Եվ ես ձեզ ասեմ, չկա ավելի վեհ, ավելի վեր գործ, արարք, սխրանք, քան մարդը, որ կարող է գիտակցաբար իր կյանքը տալ հանուն հայրենիքի, հանուն իր ժողովրդի», - ասաց նա։

Գայանե Անտոնյանը պատմեց, որ իր թոռնիկը կրում է Ադամի անունը, և իրեն հայտնի է բազմաթիվ այլ երեխաների մասին, որոնց Ադամ են կոչել ի պատիվ իր որդու։ «Դա ինձ իհարկե սփոփում է, և ի դեպ ես նրանց մեջ գտնում եմ նաև Ադամին, ինչ-որ մի մասնիկը, նրանք նաև իմ թոռնիկներն են», - ասաց նա։

Մայրը հիշեց, որ անգամ արձակուրդում Ադամը կարծես շտապում էր դիրք վերադառնալ, որը հենց ինքն էր կահավորել։ Նրա ծառայակիցները պատմում էին, որ դիրքը հարմարավետ ու ամուր էր, և Ադամը խիստ կարգուկանոն էր հաստատել այնտեղ։  «Տղաները ասում էին, այնպիսի կարգուկանոն է դիրքում, այնպիսի գեղեցիկ, մաքուր կահավորված է և այնքան ամուր է, հարմարավետ, որ թշնամին չի կարող նույնիսկ դիվերսիայի դեպքում ողջ այդտեղից դուրս գալ», - ասաց Գայանե Անտոնյանը։

Բայց 2016 թվականի ապրիլի 2-ին հարձակումն աննախադեպ մասշտաբային էր, ադրբեջանական զինուժը հարձակվեցլ էր Արցախի սահմանների ողջ երկայնքով։

«Ադամը և իր ջոկատի տղաները կատարեցին աշխարհաքաղաքական կարելի է ասել սխրանք, որովհետև շատ հմուտ մարդիկ, հրամանատարներ ասում էին, որ եթե տղաները չդիմադրեին, կորուստները կլինեին անդառնալի։ Կարող էին ճեղքել և մտնել մեր հայրենիքի խորքերը, - ասաց նա և հավելեց, -  Ադամի հերոսությունը լուռ գիտակցված քայլ էր, որը կարծում իր ծառայակից տղաներից յուրաքանչյուրն էր գիտակցում, որոնք կանգնած էին սահմանին, և թշնամին մինչև ատամները զինված գրոհում էր, անվերջ նոր ուժեր էր բերում, անընդհատ նորանոր ուժերով գրոհում էր դիրքը։ Եվ ես շատ շատ շնորհակալ եմ մեր ժողովրդից, որ առանց որևէ պերճախոսության, առանց որևէ գեղեցիկ կամ կեղծ փաթեթավորման, գնահատում, զգում և սիրում են Ադամին և իր սխրանքը»։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակոման ժամանակ սերժանտ Ադամ Սահակյանը 7 զինվորների հետ պաշտպանում էր 112 դիրքը («Լալայկա» կոչվող բարձունք)։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո Ադամի հրամանով նրանք անցնում են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով։ Այդ 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջրականի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։

2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

2016 թվականի մայիսի 28-ին Ադամը Հայաստանի նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի «Արիության» պետական մեդալով։