ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ներքաշվել է խոշոր արկածախնդրության մեջ՝ իր երկրում ծավալվող իրադարձությունների պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Ըստ դեսպանի՝ թեև ԱՄՆ նախագահն իր նախընտրական քարոզարշավների ժամանակ հայտարարում էր, թե իր երկրից դուրս պատերազմների վրա տրիլիոնավոր դոլարներ են ծախսվում, նա այժմ դավաճանել է իր նախընտրական խոստումները։
«Հուսով ենք, որ դա երկար չի տևի, սակայն մենք կարծում ենք, որ եթե այդ արկածախնդրությունը շարունակվի, իրենց երկրի ներքին ծրագրերը նույնպես որոշակի խնդիրների կբախվեն»,- շեշտել է Իրանի դեսպանը։
Դեսպան Շիրղոլամին ընդգծել է, որ ըստ միջազգային իրավունքի, Իրանի դեմ ուղղված Թրամփի ռազմատենչ հայտարարությունները ռազմական հանցագործություն են։
Ընդհանուր առմամբ, նշում է դեսպանատանը, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները նույնպես ռազմական հանցագործություններ են. դրանք կմնան պատմության մեջ և ապագայում պատասխան կպահանջեն։
«Իրանը պատրաստ է բոլոր սցենարներին։ Մենք մինչ այս պահը ցույց ենք տվել մեր դիմադրողականությունը, մենք պատրաստ ենք շարունակել նույն ոգով, և մենք արդեն լրջագույն հարվածներ ենք հասցրել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ՝ Իսրայելին։
Իսկ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցները՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ ՆԱՏՕ-ում, կարծիք են հայտնել, որ սա հիմար պատերազմ է, և նրանք պատրաստ չեն մասնակցել դրան»,- ընդգծել է Խալիլ Շիրղոլամին։











