Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի համաձայնագիրը կնքվել է ընդամենը 2 շաբաթով և սա չի նշանակում, թե նրանց միջև պատերազմն ավարտված է։ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Իրանը ներկայացրել է իր 10 կետից բաղկացած պահանջները։ «Միացյալ Նահանգները ներկայացրել է իր 15 պահանջները, որոնք Իրանը նախկինում սկզբունքորեն մերժել էր, քանի որ դրանց ընդունումը Թեհրանի համար փաստացի կնշանակեր կապիտուլյացիա։ Իրանը պետք է հրաժարվեր իր միջուկային ծրագրի, իր բալիստիկ հրթիռները արտադրելու ու զարգացնելու ծրագրից, պետք է հրաժարվեր իր տարածաշրջանային դաշնակիցներին աջակցելու մտադրությունից և ամենակարևորը՝ պետք է բացեր Հորմուզի նեղուցը։ Իրանն այս ամենը մերժել է»,- հիշեցրել է Այվազյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ռազմական փորձագետի կարծիքով, ըստ էության ընդունել է իրանական պահանջների փաթեթը՝ դրանք դնելով գալիք բանակցային գործընթացի հիմքում։ «Բանակցությունները հիմնականում ընթանալու են Իրանի ներկայացրած 10 կետերի շուրջ։ ԱՄՆ որոշ պահանջներ, իհարկե, նույնպես կներառվեն օրակարգում»,- նշել է քաղաքագետը։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իսրայելն այս բանակցային գործընթացում պարզապես ներկա չի լինելու։ Փորձագետի կարծիքով՝ խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն՝ որպես գերտերություն, կախվածություն չունի Իսրայելից, մինչդեռ Իսրայելը լիովին կախված է Միացյալ Նահանգներից։ Իսրայելում հաճախ պնդում են հակառակը և առիթը բաց չթողնելով նշում իրենց սեփական անկախ դիրքորոշման ու քաղաքականության մասին։ Արմեն Այվազյանն այդ կախվածության դրսևորումներից մեկն է համարել իսրայելական ավիացիայի կողմից տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների օգտագործումը։ Չէ՞ որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հնարավորություն չունեն ուղիղ ձևով հասնել Իրան, իրականացնել օդային հարձակում և հետո առանց լրացուցիչ լիցքավորման բարեհաջող վերադառնալ հայրենիք։











