Հայաստան–ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն անձամբ չունի «ինստիտուցիոնալ մակարդակում արդարության և արդարադատության զգացում Հայաստանում»։
Արդյո՞ք Սահմանադրությունը չարիքի արմատն է.
«Այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ մենք պիտի լուծենք առաջիկայում՝ նոր Սահմանադրություն ընդունելիս, որովհետև Հայաստանում արդարությունը և արդարադատությունը կառավարվում են մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, չունեն օրգանական կապ ժողովրդի հետ»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա համոզված է, որ այսօր Հայաստանում արդարության և արդարադատության համակարգը մեծամասամբ կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք մեկուսացված են և չունեն օրգանական կապ ժողովրդի հետ, չեն տիրապետում նրա առջև հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակի։ «Հարցի հետևից գնալիս ես ինքս ինձ համար հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունը և արդարադատությունը համապատասխանությունն են Սահմանադրությանը և օրենքներին: Բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ»,- հարց է հնչեցրել Փաշինյանը։
Նրա խոսքով, այս իրավիճակում ցանկացած գործողություն արդար չի ընկալվի հասարակության կողմից։ «Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտումը, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և երբեք չենք ունեցել, իսկ երբ այդ կամքի աղբյուրը, որտեղից դե յուրե բխում են արդարությունը և արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից որպես արդարություն և արդարադատություն», - հայտարարել է նա։ Վարչապետի խոսքով՝ սա ֆունդամենտալ խնդիր է, որը պետք է լուծվի։
Պետությունը բարդ համակարգ է և ինչ-որ ձևով պետք է «իմունային համակարգ» ունենա
Փաշինյանը նշել է, որ այս համատեքստում Հայաստանի իշխանությունների համար չափազանց կարևոր է եվրոպական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցությունը։ «Մեր խնդիրը չէ մեր սխալները քողարկելը, փորձել ցույց տալ, որ ամեն ինչ լավ է և կատարյալ է: Ընդհակառակը եվրոպական և միջազգային մի շարք ինստիտուտների հետ մեր համագործակցության առանցքային նպատակն է, որ ունենանք որոշակի մեխանիզմներ՝ հնարավոր թույլ տված սխալներն ուղղելու համար, որովհետև եթե մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ պիտի հասնենք այնպիսի վիճակի, որ չսխալվենք, դա ճիշտ չէ», - հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանը շարունակել է, որ խնդիր է դրված ոչ թե ամբողջությամբ վերացնել սխալները, այլ ձգտել դրանք նվազագույնի հասցնել և ստեղծել արդյունավետ շտկման մեխանիզմներ։
«Իմ ականջն ուղղակի ծակեց հետևյալ արտահայտությունը, որ Կառավարության շատ ինստիտուտներ դեռևս սվիններով են ընդունում առաջարկները: Ես հասկանում եմ այդ շեշտադրումը, բայց համաձայն չեմ, որ Կառավարությունը կամազուրկ, ամորֆ մի մարմին է, որն ինչ քաղաքացիական հասարակությունն ասաց, հլու պետք է կատարի: Եկեք ուրեմն դերերով փոխվենք: Դուք կառավարեք, մենք էլ գանք, առաջարկներ ներկայացնենք: Բայց ես չեմ էլ ասում, որ Կառավարությունը պետք է ամեն ինչ մերժի», - հայտարարել է նա։ Փաշինյանը խոստացել է, որ կառավարությունը կշարունակի քննադատաբար ընդունել առաջարկները, բայց հենց քաղաքացիական հասարակության հետ երկխոսության միջոցով այդ սվինները պետք է իջնեն, քանի որ հենց դա է գործընթացի էությունը։
«Պետությունը բարդ համակարգ է, պետությունը պետք է նաև ինքնաիմունային համակարգեր ունենա։ Պատկերավոր ասած՝ այսօր ամենալավ բովանդակությամբ ֆայլերի հետ էլեկտրոնային փոստով գալիս են վիրուսներ, որոնք համակարգեր են շարքից դուրս բերում: Դրա համար պետք է ամեն ինչ ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, պետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ապահովելը՝ միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որոնք ընդունել ենք, այդ թվում՝ ԵՄ-ի հետ համագործակցության տրամաբանության մեջ», - պարզաբանել է Փաշինյանը։
Անդամակցության մասին օրենքը ճնշման և շանտաժի գործիք չէ
Նա նշել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել և խորացնել Եվրոպական միության հետ համագործակցության ռազմավարությունը: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այդ աշխատանքային օրակարգն ընդունվել է, ընլայնվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնելով, որ Հայաստանում օրենք է ընդունվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին, Փաշինյանը վստահեցրեց, որ այդ փաստաթուղթը ճնշման կամ շանտաժի գործիք չէ: «Մեր ռազմավարությունն այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ, որ մենք այս օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք ԵՄ: Ո՛չ, ամենևին: Մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի զրո նյարդ և դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանելու որպես երկիր, բարեփոխումների գործընթացը շարունակելու այնպես, որ իսկապես համապատասխանենք ԵՄ չափանիշներին», - հայտարարել է նա։
Փաշինյանը չբացառեց, որ այս պահի դրությամբ Եվրամիությունը կարող է որոշում կայացնել հրաժարվել ընդլայնման քաղաքականությունից, և Հայաստանը չի կարողանա որևէ մեկին պարտադրել իր կամքը: «Մենք որևէ մեկի քաղաքական կամքին չենք կարող բռնանալ: Եթե ԵՄ-ն որոշի ընդունել մեզ ԵՄ լիիրավ անդամ, ապա շատ լավ: Եթե կորոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր: Մենք հասկանում ենք, որ առայժմ հեռու են այդ մակարդակից, բայց մենք ունենք քաղաքական կամք, ռազմավարությունը, տեսլականը, այն, թե ինչպես առաջ շարժվել», - վստահեցրել է նա:
«ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի գործունեությունն այս իմաստով շատ կարևոր է։ Ինչպես արդեն նշել եմ, մենք բարձր ենք գնահատում քաղաքացիական հասարակության դերը և ոչ միայն կշարունակենք համագործակցությունը, այլև կխորացնենք այն։», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։











