Սոցիալական ցանցերում, նաև որոշակի քաղաքական ուժերի կողմից Օնիկ Գասպարյանին թիրախավորելը ճիշտ չէ. Նա զինվորական է և իրենից ակնկալել, որ քաղաքական գործիչների մակարդակի կամ ֆեյսբուքյան օգտատերերի հարիր հայտարարություններ ու գրառումներ է անելու, այդ թվում հրապարակային խոսելու է տարբեր հարցերից, ճիշտ չէ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով նրան, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը օրերս հայտարարել էր, որ պատրաստ է գալ ու «ստեր պայթեցնել» խորհրդարանում։
«Փակ կամ ոչ փակ քննարկումները պետք են, հատկապես պատերազմի ժամանակ գործած գլխավոր շտաբի պետից ու այլ բարձրաստիճան զինվորականներից, որպեսզի պարտության պատճառները վերլուծվեն, հասկանան։ Ես կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովում այդ հարցերը քննարկվել են, և իզուր չէ, որ այդ զեկույցը փակ է մնացել հասարակության համար։ Եթե բացվեին, դրան պետք է հաջորդեին բազմաթիվ քրեական գործեր, այդ թվում բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնող կամ զինվորական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ՝ պատերազմի կառավարումը տապալելու տեսանկյունից։ Կամ ուղղակի կամք չկա վերլուծելու պատերազմի պարտության պատճառները»,–ասաց նա։
Անդրադառնալով արցախցիներին «փախածներ» կոչելու դեպքերին, Խանումյանն ասաց, որ իրենց կենտրոնը այս օրերին վերլուծում է արցախցիների դեմ ատելության խոսքը. «Այդ պատումը, այո, իշխանությունն է տարածում միտումնավոր և դա տիրաժավորում են իշխանամերձ լրատվականները։ Ես չգիտեմ՝ ինչի է ուզում հասնել դրանով, որովհետև փաստերը հակառակի մասին են խոսում։
Պատերազմի ժամանակ միշտ էլ լինում են մարդիկ, որոնք խուսափում են զորակոչից։ Զորակոչ կազմակերպելը պետության տիրույթում է, և եթե դասալիքների թիվը մեծ է եղել, լ և դու եղել ես պատերազմի գլխավոր կառավարիչը, ուրեմն դու ես գլխավոր մեղավորը, որ թույլ ես տվել այսքան դասալիք։ Հետևաբար, գնդակը Հայաստանի ու Արցախի կառավարությունների դաշտում է։ Իր հայտարարությունները, ինչ–որ առումով ինքնախոստովանական ցուցմունք է»։











