Մոսկվան կաշխատի Հայաստանի ցանկացած քաղաքական ղեկավարության հետ, որը կգա իշխանության ընտրությունների արդյունքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը։
«Մոսկվան պաշտպանում է իր շահերը։ Նրանք ավելի ռացիոնալ են գործում. կամուրջները չեն այրվում, նրանք պատրաստ են աշխատել ցանկացած կողմի հետ և միաժամանակ մատնանշում են իրենց շահերը։ Դա ավելի պրագմատիկ մոտեցում է»,- հայտարարել է նա։ Միևնույն ժամանակ, Մանասարյանը նշել է, որ վերջերս անցկացված Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը որոշակիորեն մատնանշել է ՌԴ նախապատվությունները։
«Հանդիպման բաց մասում արդեն իսկ նկատվում էին տարրեր, որոնք արտացոլում էին Ռուսաստանի քաղաքական նախապատվությունները,- նշել է նա՝ հավելելով, որ ուղղակիորեն ոչինչ չի ասվել։ Դիվանագետի գնահատմամբ՝ Ռուսաստանի առաջնորդի հայտարարությունները չպետք է դիտարկել որպես միջամտություն։ -Եվ եթե տարբեր երկրների տարբեր առաջնորդների հայտարարությունները (ընտրություններում Փաշինյանին սատարելու մասին) մենք միջամտություն չենք համարում, ապա ինչո՞ւ ենք փորձում պաշտպանվել «ռուսական սպառնալիքներից», որոնք մինչ օրս նույնիսկ չեն հնչեցվել»,- հարցրել է նա։
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք արվել էին Մոսկվայում նույն հանդիպման ժամանակ, Մանասարյանը նշել է. «Անկեղծ ասած, չեմ կարծում, թե այն հայտարարությունները, ըստ որոնց մենք կհամատեղենք երկու [արտաքին քաղաքական] ուղղությունները այնքանով, որքանով դա հնարավոր է, իսկ հետո որոշում կընդունենք, Ռուսաստանում լուրջ է ընդունվում։ Դա [վարչապետի հայտարարությունը] կարելի էր լուրջ ընդունել միայն այն դեպքում, եթե ելնեինք այն կանխավարկածից, թե քո շուրջը բոլորն ապուշ են։ Բայց դա այդպես չէ. բոլորն էլ հիանալի հասկանում են՝ ինչ է կատարվում և ինչի է հանգեցնելու այս ամենը»։
Այն հարցին, թե ինչ կձեռնարկի այդ դեպքում ռուսական կողմը՝ ելնելով վերոնշյալ իրողությունների ընկալումից, Մանասարյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ կհետևի ճնշում՝ նախևառաջ տնտեսական, որը բավականին ցավոտ կլինի Հայաստանի տնտեսության համար։











