Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու քաղաքականությունը գործնական հիմք չունի և ուղեկցվում է տնտեսական ու աշխարհաքաղաքական լրջագույն ռիսկերով։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը։

Ըստ նրա՝ այդ թեմայով քաղաքական հայտարարությունները չեն ամրապնդվում գործնական քայլերով։ Նշելով, որ ժամանակակից աշխարհում քաղաքական և տնտեսական հարցերը սերտորեն փոխկապակցված են՝ Մանասարյանը շեշտել է, որ քաղաքական վերակողմնորոշումը ենթադրում է նաև տնտեսական վերակողմնորոշում, իսկ սպառման շուկաների փոփոխությունը երկարատև և բարդ գործընթաց է։ «Ինձ համար դժվար է պատկերացնել, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել եվրոպական շուկային և ինչ ծավալներով։ Դա անելը չափազանց բարդ է, շուկաների փոփոխությունը մեկ-երկու տարվա հարց չէ։ Ընդ որում, պետությունը պետք է ապրի, զարգանա, ապահովի իր անվտանգությունը և այլն»,- հայտարարել է նա։

Այդ համատեքստում դիվանագետը որպես օրինակ բերել է Բուլղարիայի փորձը՝ նշելով, որ Եվրոպական միությանն անդամակցելուց հետո այդ երկրի գյուղատնտեսությունը փաստացիորեն ոչնչացվել է։ «Մեկուկես տարվա ընթացքում Բուլղարիայի գյուղատնտեսությունը պարզապես կործանվեց։ Բուլղարական արտադրանքը եվրոպական շուկայում պետք չեկավ»,- ասել է նա։

«Դեռ վաղուց, երբ աշխատում էի Եգիպտոսում, առիթ ունեցա շփվելու Ամերիկյան համալսարանի պրոֆեսորի՝ լուրջ քաղաքագետի հետ։ Նա ինձ մի հարց տվեց, որն սկզբում տարօրինակ թվաց. ինչպիսի՞ն է ռուսերենի իմացության մակարդակը Հայաստանում։ Ես պատասխանեցի, որ դժվար է գտնել մի հայ, ով գոնե չհասկանա ռուսերեն, թեև, իմ գնահատմամբ, մակարդակը նվազում է։ Նա ասաց՝ դա շատ վատ է։ Որովհետև, ըստ նրա, դուք պետք է հասկանաք՝ առաջիկա հարյուր տարում Եվրոպայում ձեզ ոչ ոք չի սպասում, իսկ ձեր սպառման շուկան հենց այնտեղ է լինելու (Ռուսաստանում)։ Դա ասում էին ամերիկացիները»,- եզրափակել է Մանասարյանը։