Օրերս Մաշտոցի այգում մի քանի ժամ հացադուլ հայտարարած երիտասարդը` Բայանդուր Պողոսյանը սատանայապաշտ չէ: Այս մասին այսօր` փետրվարի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ինքը` Բայանդուր Պողոսյանը, հավելելով, որ ինքը սատանային չի համարում գոյություն ունեցող երեւույթ, սակայն իրեն սատանիստ է համարում, քանի որ սատանան միակն էր, որ հրաժարվեց խոնարհվել Աստծո առաջ: «Ես հրաժարվում եմ խոնարհվել որեւէ մեկի առաջ»,-ասաց նա:
Ասուլիսի բանախոսներից բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը նշեց, որ Բայանդուրի հետ Մաշտոցի այգում է ծանոթացել, հետո կարդացել է գրականություն սատանիզմի մասին, որը իրեն շատ է հետաքրքրել: Նա նշեց, որ Բայանդուրի տեսակի հայտնությունն իր համար շատ թանկ բան է, քանի որ «ազգի հասարակական միտքը երիտասարդներն են շարժում, հետեւաբար մեր երիտասարդների պահպանողական եւ ազգայնական ֆոնի վրա Բայանդուր Պողոսյանը հայտնություն է»:
Իսկա ահա Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր խորհրդի անդամ Վարդան Դեւրիկյանը նշեց, որ նախընտրական շրջանում սատանայապաշտությունն էր պակասում, որ «մեյդան ընկավ»:
«Ասել, որ սատանային եմ հակված դա նույնն է, ինչ ասի, որ ոճրագործ եմ, ջեբկիր եւ այլն»,-ասաց նա, հավելելով, որ երիտասարդը մի օր Աստծո միջոցով դարձի կգա:











