Սրբապղծության նման մի բան է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք մարտի 1-ին քվեարկության դնելը: Այս մասին, այսօր` մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, հավելելով, որ այդ օրինագծին դեմ է թե’ արտախորհրդարանական, թե’ խորհրդարանական ընդդիմությունը (ֆոտոռեպորտաժ):
Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ սա իշխանությունների կողմից պատգամ է հասարակությանն ընտրություններից առաջ եւ իր մտահոգությունը բանակի ներգրավվումն է ներքաղաքական իրավիճակին:
Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ հենց իշխանություններն են բռնի ուժով կեղծել ընտրությունները, տասը մարդ սպանել, մարդկանց բանտերը նետել եւ արտակարգ դրություն մտցրել, որ կոծկեն տեղի ունեցածը: «Իսկ հիմա այս օրինագիծը քվեարկության դնելու քայլը պատգամ է ընտրություններից առաջ հասարակությանը, որ չընդվզեն»,-ասաց Արզումանյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համաձայն չէր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքի հետ եւ նշեց, որ վերջիվերջո զսպումների մեխանիզմը պետք է գործի, իսկ եթե հակասահմանադրական որեւէ կետ կա, ապա հնարավոր է դա շտկել Սահմանադրական դատարանի միջոցով:
Ըստ Մինասյանի, աշխարհի բոլոր երկրներում օգտագործում են իրենց մեխանիզմները բռնությամբ սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար: Նա նշեց, որ իրենց նպատակը երկրի անվտանգության ապահովումն է:
Նա հավաստիացրեց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն ամենեւին էլ ընտրություններից առաջ պատգամ չէ հասարակությանը, քանի որ իրենք բոլոր հնարավոր եղանակներով պատրաստ են ապահովել ավելի արդար եւ թափանցիկ ընտրություններ:
Այնուհետեւ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, իշխող կուսակցության անդամն ասաց, որ մինչեւ մարտի 1-ը ժողովրդի մի հատվածին թշնամանքի եւ ոտնձգությունների էին նախապատրաստել:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











