ՎԶԵԲ-ը ներդրումներ է անելու Հայաստանում, այլ ոչ` «նստելու եւ սպասելու»: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Օլիվյե Դեշամը Երեւան կատարած երկօրյա այցի ընթացքում:

Այցի շրջանակներում, Թուրքիայի, Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնակն Ասիայի գծով տնօրեն Օ.Դեշամը հանդիպել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարների եւ Կենտրոնական բանկի նախագահի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գերակայությունն ու ՎԶԵԲ-ի աջակցությունը երկրին, ՎԶԵԲ-ի` Հայաստանի համար 2012-2015թ.թ. եռամյա ծրագրի շրջանակներում:

2012թ. ծրագրվող ներդրումների ծավալը բանկի ներկայացուցիչները չեն հայտնել, սակայն նշել են, որ նոր ռազմավարությունը  հաշվի են առնելու առանցքային ուղղությունները` բանկային հատված, ձեռնարկատիրության աջակցություն, ներառյալ ագրոբիզնեսը, լեռնային արդյունաբերությունը, մունիցիպալ ենթակառուցվածքները:

Սկսած 1992թ. ՎԶԵԲ ներդրումները Հայաստանում կազմել են 516 մլն եվրո եւ 106 նախագիծ: Միայն 2010թ. ներդրվել է 10, իսկ 2011թ.` 120 մլն դոլար: