Ռուսաստանի ընտրություններում ամենահետաքրքրականը նախընտրական իրավիճակն էր, երբ ի հայտ եկավ Պուտինի դեմ ինքնաբուխ դժգոհության ալիքը, ինչը նշանակում է, որ Պուտինի վերադարձն այնքան ողջունելի չէր, որքան ակնկալվում էր: Այս մասին, այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, Պուտինի դեմ ի հայտ եկած ընդդիմությունը միավորված է միայն նրա դեմ հանդես գալու համար եւ բաժանված` մյուս խնդիրների հարցում:
Ռ. Կիրակոսյանի ներկայացմամբ, Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունները, դժբախտաբար, ազատ եւ արդար չէին. գործի դրվեցին ինչպես հետխորհրդային տարիներին բնորոշ, այնպես էլ նոր կեղծումների մեխանիզմներ: «Սակայն միջազգային արձագանքը Ռուսաստանի ընտրություններին այդքան էլ մեծ չէր, որովհետեւ միջազգային հանրությունը Ռուսաստանի դեմ մեծ լծակներ չունի»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, փորձագետը նշեց, որ այդ ընտրությունները Հայաստանի պատմության ամենակարեւոր ընտրությունները կարելի է համարել: «Ակնկալիքները շատ մեծ են ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ` Հայաստանից դուրս»,-ամփոփեց Ռ. Կիրակոսյանը:











