Նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում խոշոր խարդախության համար ձերբակալված սեւամորթների գործով:
Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողներն այսօր` մարտի 19-ին, համատեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բերման են ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների՝ 38-ամյա Ջորջ Զ.-ին, 34-ամյա Ֆոստեր Գ.-ին եւ 36-ամյա Մարկ Դ.-ին: Պարզվել է, որ նրանք մարտի 17-ին Գեւորգ Կ.-ի վստահությունը չարաշահելով՝ նրանից խաբեությամբ վերցրել են 4.000 ԱՄՆ դոլար գումար:
Մարտի 18-ին իբր հատուկ նյութերով մաքրելով սեւ գույնով ներկված 2.000 ԱՄՆ դոլար թղթադրամն ու դրանք Գեւորգ Կ.-ին տալուց հետո պատճառաբանել են, որ մաքրող նյութերը վերջացել են: Ապա նրանից փորձել են հափշտակել եւս 100.000 ԱՄՆ դոլար՝ իբր քիմիական նյութեր ձեռք բերելու եւ մնացած թղթադրամները լվալու համար:
Փաստացի Գեւորգ Կ.-ից խաբեությամբ հափշտակել են 2000 դոլար:
Ձեռնարկված միջոցառումներով՝ հայտնաբերվել եւ առգրավվել են թղթադրամների չափսով կտրտված սեւ գույնի թղթերը, այլ նյութեր ու պարագաներ:
Կատարվում է քննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ NEWS.am-ի տեղեկություններով, ոստիկանության Վաղարշապատի բաժին, այսօր` մարտի 19-ին, բերման է ենթարկվել հինգ սեւամորթ, ովքեր զբաղվել են խարդախությամբ:
Ինչպես կցկտուր պատմեց մեր աղբյուրը, խմբից երկուսը վաղուց են Հայաստանում ապրում, նրանցից մեկը նույնիսկ ֆուտբոլային ակումբներից մեկի ֆուտբոլիստ է: Իսկ երեքը, որոնք ժամանել են Լիբերիայից եւ բնակվել առաջին երկուսի տանը, զբաղվել են խարդախությամբ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք իրենց հետ հատուկ սեւ գույնի ներկած կեղծ դոլար են բերել, Հայաստանում գտնելով իրենց թիրախին՝ գործարք են առաջարկել, ապա որպես ներդրում այդ գումարը ցույց տվել՝ վստահեցնելով, թե հատուկ լուծույթով այն կարելի է մաքրել ու դարձնել իսկական դոլար:
Իրենց ասածը հիմնավորելու եւ կասկածները ցրելու համար նրանք մի քանի սեւ ներկած իսկական դոլար են մաքրել հատուկ լուծույթով` այդպիսով ձեռք բերելով վստահություն, սակայն հետո պատճառաբանել են, թե այդ լուծույթը վերջացել է ու նորը պետք է գնել մնացած սեւ գույնով ներկած կեղծ դոլարները մաքրելու համար: Այսկերպ նրանք խաբեությամբ տարբեր մարդկանցից մեծ չափի գումարներ են շորթել ու անհետացել:































