Նախընտրական պայքարն սկսվել է բավական ակտիվ: ՀՅԴ-ն պլանավորել է 12 հանրահավաքներ Հայաստանի խոշոր քաղաքներում, երկուսը` Երեւանում: Այդ մասին այսօր` ապրիլի 11-ին, «Անի» հյուրանոցում կազմակերպված «Ընտրամարտին» հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը` հավելելով, որ լինելու են նաեւ հանդիպումներ տեղերում` փոքր շրջիկ խմբերի մակարդակով:
«Հաճախ ականատես ենք լինում իրավիճակի, երբ Դաշնակցության շուրջ բավական դրական մթնոլորտ է, իսկ այս տարի մենք ավելի բարձր ենք գնահատում մեր շանսերը, քան նախկինում, բայց այդ համակրանքը կուսակցության նկատմամբ չի վերածվում ձայնի»,- արձանագրել է դաշնակցական պատգամավորը եւ հավելել. «Մենք տարիներ շարունակ ռեսուրսները կուտակել ենք տեղամասերի վրա, որ ունենանք լավ արդյունք, սակայն այսօր կարելի է ասել, որ տեղամասերում նվազագույնի են հասցված խախտումները: Մեր ամբողջ ներուժն օգտագործելու ենք տեղամասերից դուրս` արդարությունը պահելու համար: Հետեւելու ենք ցուցակներին, կրկնակի քվեարկությունները բացառելու ենք»:
Նռանյանը կարեւորում է ընտրողների հետ աշխատանքը: «Քաղաքացիները ունենում են դրական վերաբերմունք, բարձր են գնահատում գործունեությունը, սակայն քաղաքացին չի հավատում, որ իր քվեով հնարավոր է բան փոխել: Հասարակության 70-80 տոկոսը դժգոհ են իշխանություններից, բայց հարցման ժամանակ կեսից ավելին պատրաստվում է կոալիցիայի անդամներին ընտրել: Քաղաքացին պետք է տեսնի, որ կարող է փոխել իշխանություններին»,- ասել է դաշնակցական պատգամավորը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











