Գյումրիում դեռեւս 6500 ընտանիք ապրում են ժամանակավոր վագոն-տնակներում, որոնց կեսից ավելին` մոտ 3500-ը չեն համարվում երկրաշարժի հետեւանքով ուղղակի անօթեւան դարձած ընտանիքներ, ուստի Հայաստանում գործող օրենսդրության համաձայն նրանք պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Այս մասին նշում է «Շիրակ Կենտրոնը», հավելելով, որ առավել անմխիթար վիճակում են գտնվում բազմանդամ ընտանիքները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից 2010-2011 թթ. կատարած հետազոտությունների արդյունքներով Հայաստանում աղքատության, արտագաղթի, անօթեւանության եւ գործազրկության ամենաբարձր  ցուցանիշները գրանցվել են Շիրակի մարզում:

Շիրակի մարզում աղքատությունը կազմում է 47.2%, Հայաստանում միջին աղքատությունը 34.1% է: Առավել անմխիթար է երեխաների աղքատության վիճակը: ՀՀ վիճակագրական ծառայության «Աղքատությունը եւ Սոցիալական Պատկերը» 2011 թ. զեկույցի համաձայն 2010 թ. դրությամբ Հայաստանում ավելի քան 300.000 երեխաներ կամ 41.4% ապրում է աղքատության մեջ` ամբողջ բնակչության 35.8% համեմատ։ Համաձայն  նույն զեկույցի 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներն ամենաաղքատն են։

Գյումրիում ծայրահեղ աղքատության եւ մասսայական գործազրկության պայմաններում պարզապես անհնարին է, որ հատկապես բազմանդամ անօթեւան ընտանիքները կարողանան ինքնուրույն բարելավել իրենց բնակարանային պայմանները: Եվ հազարավոր անօթեւան ընտանիքներ ապրում են խոնավ եւ վաղուց շարքից դուրս եկած տնակներում` կորցրած երբեւէ բարեկեցիկ պայմաններում  ապրելու հույսը:

Գյումրիի Մանուշյան 230/118 տնակը եւս խոնավ ու պաղ է, որտեղ բնակվում է Խաչատրյանների 6 անձից բաղկացած ընտանիքը: Այս ընտանիքի երկու որդիները ծառայում են ազգային բանակում, իսկ 2-ը անչափահաս են:

Նրանց տնակ մտնելուն պես զգացվում է խոնավության շունչը, ընտանիքի մայրը` Աշխեն Խաչատրյանը, ասում է. «Կապրեինք մի կերպ, գոնե խոնավ ու թաց չլիներ»: