Պատկերացնենք մի պահ, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի վերահսկողության տակ, և մենք հայտնաբերում ենք, որ այնտեղ մեծ մզկիթ է կառուցված. ի՞նչ պետք է անենք մենք։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կարող է ընդունվել նաև նման որոշում (խմբ.՝ նկատի ունի Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եկեղեցիների քանդումը)։ Նա հավելել է, որ այդ եկեղեցիները (խմբ.՝ Ստեփանակերտում) կառուցվել են 2015-2016 թվականներին։ Փաշինյանը պարզաբանել է, որ մշակութային ու պատմական հուշարձանները որոշակի չափանիշներ ունեն։ Վարչապետը վերահաստատել է, որ Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

«Արծվաշենի բնակիչները կասե՞ն՝ ոչինչ, դա մշակութային-պատմական հուշարձա՞ն է։ Մի բանի մասին խոսելուց պետք է ամբողջական խոսել։ Ես այդ հարցի մասին խոսելու ցանկություն չունեմ։ Հայաստանը երբևէ ինչ-որ բան է արել և այլն։ Ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ է Հայաստանի մասին է ինչ-որ բաներ ասում։ Հայաստանում խոսում են բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանում էլ են խոսում այդ մասին», - հավելել է Հայաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արձագանքը պետք է հիմնված լինի ստորագրված փաստաթղթերի վրա։ «Հարցն այն է՝ մենք կոնֆլիկտը և ղարաբաղյան շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մնացած հարցերին, ապա ես կարող եմ «off the record» (չհրապարակման պայմանով – խմբ․) լրացուցիչ տեղեկատվություն տալ։ Թեև կարծում եմ՝ դուք գիտեք էդ տեղեկատվությունը, բայց ձև եք անում, թե չգիտեք»,- եզրափակել է Փաշինյանը։