Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է։ Այս մասին երիտասարների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես խիստ եմ, բայց ոչ քննարկումների ժամանակ. եթե որոշումը կայացված է, պետք է խիստ լինես և մինչև վերջ հետևես, որ որոշումները տեղ հասնեն, բայց քննարկումների ժամանակ դու պետք է հնարավորություն տաս, որ մարդիկ արտահայտվեն, եթե հնարավորություն չտաս, եթե մարդիկ զգան, որ արտահայտվելու, մեկ այլ կարծիք ասելու դեպքում կարող է կոպտես, այլևս կարծիք չես լսելու։
Իսկ եթե որոշումը կայացվել է, երկաթյա կարգապահությամբ պետք է կատարվի, կարգ ու կանոնը իմ տեսակի մեջ է, բայց երբեք չեմ համարել, որ ես ամեն ինչի մասնագետ եմ և ձեր բոլորիդ կարծիքը ինձ համար նշանակություն ունի»,–ասաց նա։
Հարցին՝ իր իշխանության գալու դեպքում պատերազմի հավանականությունը մեծանո՞ւմ է, Քոչարյանը կարճ պատասխանեց. «Վերանում է»։
Ինչ վերաբերում է նրան, թե քանի բանկում փայ ունի երկրորդ նախագահն ասաց. «Խորը ցավով պետք է ասեմ, որ ոչ մի։ Ութ տարուց ավել է՝ այս իշխանությունը արդեն իշխանության գլխին է, բանկային համակարգը Հայաստանում ամենից թափանցիկ համակարգն է, և եթե նույնիսկ կասկած ունենային, որ նման բան կա, վաղուց քրեական գործերում սա արտացոլված կլիներ անկասկած»։
Նա հավելեց, որ «Նաիրի» ԲԿ–ում ևս փայ չունի. «Եթե մենք «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ կապ ունենայինք, ապա այդ հարցով ևս մի քրեական գործ կլիներ և մեղադրյալի կարգավիճակ կունենայինք։ Սա գեբելսյան քարոզչությունն է, 100 անգամ սուտը կրկնում են, այդ սուտը ոչ թե ճշմարտություն է դառնում, բայց ընկալվում է որպես ճշմարտություն»։
Ռոբերտ Քոչարյանն իր հաջողության գաղտնիկքը համարում է կարգապահությունը. «Եեթե օրինակ այդ օրը պլանավորել ես, որ պետք է գնաս մարզադահլիճ, զարթնել ես մի քիչ գիշերը լավ չես քնել, հավես չունես, մահանա ես փնտրում, չէ, որ միգուցե այսօր չգնամ, վաղը գնամ, այդ բանը իմ մոտ ուղղակի չկար։ Պլանավորել եմ՝ պիտի անեմ։ Եվ այսպես ամեն ինչում։ Օրինակ, ուսանող ժամանակ հավես չկա դասեր անելու, քեզ ստիպում ես, դասը անում ես։ Հավես կա այդ օրը մի երկու ժամ շատ քնելու, բայց դու քեզ զսպում ես և քո պլանավորածը առաջնահերթ ես դարձնում քո համար։ Սա է իմ կարծիքով ընդհանրապես կյանքում հաջողության հասնելու գրավականը»։











